Մատչելիության հղումներ

Ուկրաինայում խաղաղ կարգավորման բանալին Արևմուտքում է, պնդում է Պուտինը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների և բլոգերների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 14-ը հունիսի, 2023թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների և բլոգերների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 14-ը հունիսի, 2023թ.

Ի՞նչ պայմաններով պետք է ավարտվի ուկրաինական պատերազմը. այս թեմային նվիրված հեռակա բանավեճը Մոսկվայի և Արևմուտքի միջև աստիճանաբար թեժանում է՝ ուկրաինական հակահարձակմանը զուգահեռ։

Նախօրեին Մոսկվայում Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հեռանկարներին անդրադարձավ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի ղեկավարն այս մասին խոսեց ռազմական թղթակիցների և պատերազմական թեմաներով գրող բլոգերների հետ հանդիպման ընթացքում, մեկ անգամ ևս նշելով, որ հարցի խաղաղ կարգավորման բանալին ոչ թե Մոսկվայում է, այլ՝ Արևմուտքում։

«Եթե նրանք իրոք ցանկանում են, որ այսօրվա հակամարտությունն ավարտվի բանակցությունների միջոցով, ապա ընդամենը մեկ որոշման կայացումը բավարար կլինի՝ դադարեցնել սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումը։ Ուկրաինան ինքը ոչինչ չի արտադրում և հաջորդ օրն իսկ կցանկանա բանակցություններ վարել՝ արդեն ոչ թե ձևական, այլ՝ ըստ էության», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։

Արևմուտքում, սակայն, հակադարձում են՝ ուկրաինացիներին զենքի մատակարարումները դադարեցնելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այս մասին երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում հայտարարեցին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Այն աջակցությունը, որ Ուկրաինային ցուցաբերում են ՆԱՏՕ-ի դաշնակիցները, փոխում է իրավիճակը ռազմի դաշտում, քանի որ, ինչպես տեսնում ենք, ուկրաինացիները հարձակման են անցել։ Նրանք որոշակի առաջխաղացում ունեն, [հարձակումը] թափ է հավաքում, ճիշտ է՝ առայժմ շատ վաղ է խոսել դրա արդյունքների մասին։ Ամեն դեպքում, որքան ավելի շատ տարածք կարողանան ուկրաինացիները ազատագրել, այնքան ավելի ուժեղ կլինեն նրանց դիրքերը բանակցային սեղանի շուրջ և այնքան ավելի մեծ կլինի հավանականությունը, որ նախագահ Պուտինն ի վերջո կհասկանա, որ երբեք չի հաղթի այս ճակատամարտում, երբեք հաղթող դուրս չի գա այս ագրեսիվ պատերազմից», - հայտարարում էր Ստոլտենբերգը։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենի խոսքով էլ՝ հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կազմակերպության անդամները Ուկրաինային ռազմական օժանդակության հերթական փաթեթը կհաստատեն։ «Աջակցությունը ոչ միայն գործնական, այլև քաղաքական կլինի», - պնդում է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG