Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի փլուզումը կհանգեցնի լուրջ հումանիտար հետևանքների, բացասաբար կանդրադառնա Ուկրաինայի տնտեսության վրա և հնարավոր է կազդի պատերազմի ընթացքի վրա։
Հիդրոէլեկտրակայանի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում երեկ Ուկրաինան և Ռուսաստանը ՀԷԿ-ը պայթեցնելու մեջ միմյանց են մեղադրել։
ՄԱԿ-ում Ուկրաինայի լիազոր ներկայացուցիչ Սերխի Կիսլիցան կատարվածի մեջ մեղադրել է Ռուսատսանին՝ շեշտելով, թե հենց ռուսական ուժերն են շուրջ մեկ տարի վերահսկում Կախովկայի ՀԷԿ-ը. - «Սա ահաբեկչական գործողություն է Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների դեմ, որի նպատակն է հնարավորինս շատ զոհեր և ավերածություններ պատճառել խաղաղ բնակչությանը։ Ռուսաստանը մեկ տարուց ավելի է վերահսկում է ամբարտակը և ամբողջ Կախովկայի ՀԷԿ-ը, ֆիզիկապես անհնար է հրետակոծել դրսից։ Ռուսներն են այն պայթեցրել»։
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հակառակն է պնդել. - «Հունիսի 6-ի գիշերը Կիևի ռեժիմը աներևակայելի հանցագործություն կատարեց՝ պայթեցնելով Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը, ինչի հետևանքով Դնեպր գետով ջրի անվերահսկելի արտահոսք է տեղի ունեցել»:
Ուկրաինական կողմը պնդում է, թե հիդրոէլեկտրակայանը պայթեցնելու նպատակը ուկրաինական ուժերի հակահարձակումը կանգնեցնելն է։
Ամբարտակի ոչնչացման արդյունքում ռուսական զորքերը բարելավել են իրենց պաշտպանական դիրքերը, կարծում է Stratpoints հիմնադրամի ռազմական փորձագետ Մաչեյ Մատիսիակը։ Առաջացած ջրհեղեղը, ամենայն հավանականությամբ, մոտ մեկ ամիս կխանգարի ուկրաինական ուժերին այդ տարածքում օգտագործել ծանր զինատեսակներ՝ տանկեր կամ հետևակի մարտական մեքենաներ, հակահարձակման համար, կարծում է փորձագետը։
Թեև փորձագետների մեծ մասը համարում է, որ հենց ռուսներն են շահում ամբարտակի փլուզումից, ստույգ պատճառները դեռ հայտնի չեն։ Մասնավորապես, Միացյլալ Նահանգների վարչակազմը հայտարարել է, որ չի կարող հստակ ասել, թե ով է պատասխանատու ամբարտակի ոչնչացման համար։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի երկու պաշտոնյա NBC News-ին ավելի վաղ հայտնել էին, որ Սպիտակ տունը հիդրոէլեկտրակայանի պայթեցման Ռուսաստանի հավանական մասնակցության մասին հետախուզական տվյալներ ունի։
Կրեմլը հերքում է բոլոր մեղադրանքները և խոսում է կա՛մ ուկրաինական բանակի կողմից ՀԷԿ-ի վրա հրթիռային հարձակման, կա՛մ դիվերսիայի մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս դիվերսիաները, ի թիվս այլ բաների, իբր հետապնդում են «Ղրիմը ջրից զրկելու նպատակ»։
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները Կախովկայի ՀԷԿ-ի մասին այսօր խոսել են Թուրքիայի նախագահի հետ։ Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցում այսօր առաջին անգամ հրապարակավ խոսել է հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ոչնչացման մասին և այն անվանել Կիևի իշխանությունների «բարբարոսական գործողություն»։ Կիևից էլ հայտնում են, թե Զելենսկին այսօր Էրդողանի հետ հեռախոսազրույցում պատմել է ՀԷԿ-ում ռուսական ահաբեկչության հումանիտար և բնապահպանական հետևանքների մասին, մասնավորապես, Զապորոժիեի ատոմակայանի համար վտանգների մասին։
Փորձագետները մինչդեռ հնարավոր են համարում նաև երրորդ վարկածը՝ հիդրոէլեկտրակայանը վնասվել էր դեռևս ամիսներ առաջ Խերսոնի մարզում ամառային և աշնանային մարտերի ժամանակ, և փլուզումը դրա հետևանքներ էր։
Մինչ կողմերը միմյանց են մեղադրում՝ Նովայա Կախովկա քաղաքը, որը գտնվում է հիդրոէլեկտրակայանից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա, գրեթե ամբողջությամբ անցել է գրի տակ։ Քաղաքում ջրի մակարդակը բարձրացել է ավելի քան տասը մետրով։ Նովայա Կախովկայից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալյոշկի քաղաքը, որ վերահսկում են ռուսական ուժերը, նույնպես գրեթե ամբողջությամբ հեղեղված է։ Մի քանի այլ քաղաքներ և գյուղեր մասամբ են հեղեղվել։
Խերսոնի շրջանում մոտ 5 հազար տուն ջրի մեջ է հայտնվել ։ Ջրով են լցվել ոչ միայն Խերսոնի արվարձանները, այլև հենց քաղաքը։ Աղետի գոտում են 22-40 հազար մարդ։
Բացի դրանից, ՀԷԿ-ի փլուզման հետևանքով խմելու շջի դեֆիցիտ է առաջացել նաև Ուկրաինայաի Կրիվոյ Ռոգ քաղաքում։ Խնդիրներ կարող են առաջացանալ նաև Ղրիմում։ Թերակղզու ռուսական իշխանությունները սակայն հայտնում են, թե առայժմ խմելու ջրի խնդիր չկա։
Աղետը չի կանգնեցրել պատերազմը, ռազմական գործողությունները շարունակվում են։ Գիշերը ռուսական ուժերը կրկին ռմբակոծել են Կիևն ու Խարկովը, ուկրաինական կողմը պնդում է, թե խոցել ռուսական բոլոր երեսուն հինգ հրթիռները։ Մինևնույն ժամանակ ուկրաինական բանակը շարունակում է հարձակողական գործողույթւոնները Դոնեցկի մարզում։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա մալյարը այսօր հայտարարել է, թե Բախմուտի ուղղությամբ ուկրաինական բանակը անցել է հարձակման։