Մատչելիության հղումներ

Պատերազմը շարունակում է խլել խաղաղ բնակիչների կյանքեր


Հրթիռակոծությունից վնասված Առևտրի կենտրոնը Օդեսայում
Հրթիռակոծությունից վնասված Առևտրի կենտրոնը Օդեսայում

Շուրջ մեկ ու կես տարի տևող պատերազմը շարունակում է խլել խաղաղ բնակիչների կյանքեր։ Օդեսայում գիշերային հարձակումների հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Եվս երեք մարդ զոհվել է Կրամատորսկի և Կոնստանտինովկայի հրթիռակոծությունների հետևանքով։

Նախօրեին Կրիվի Ռոգի հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, 27 բնակիչ վիրավորվել է։

Նախագահ Զելենսկին հորդորում է աշխարհին թույլ չտալ ռուսներին ուկրաինացիների կյանքը խլող հրթիռներ արտադրել․ - «Ցավոք, Ռուսաստանը դեռևս հնարավորություն ունի հրթիռների արտադրության համար կարևոր բաղադրիչներ ձեռք բերելու ամբողջ աշխարհի ընկերություններից։ Այդ բաղադրիչներն այնուհետև տարբեր ձևերով առաքվում են Ռուսաստան: Եթե վերցնենք, օրինակ, այսօր Կրիվի Ռոգին խոցած հրթիռներից մեկը, ապա դրա մոտ 50 բաղադրիչ՝ հիմնականում միկրոէլեկտրոնիկա, արտադրվել է այլ երկրներում»։

Զելենսկին հավելել է, թե Ուկրաինայի բոլոր դաշնակիցներն ունեն այն ընկերությունների ցանկը, որոնք Ռուսաստանին բաղադրիչներ են մատակարարում։

Գրեթե մշտական գնդակոծության տակ է նաև Ռուսաստանի տարածքը

Միևնույն ժամանակ, գրեթե մշտական գնդակոծության տակ է նաև Ռուսաստանի տարածքը։ Մասնավորապես, վերջին օրվա ընթացքում գնդակոծվել են Ուկրաինային սահմանակից Բելգորոդի մարզի չորս շրջաններ, ինչպես նաև Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանը։

«Եթե Ռուսաստանի տարածքի ռմբակոծությունները շարունակվեն, ապա մենք պետք է դիտարկենք Ուկրաինայում սանիտարական գոտի ստեղծելու հարցը։ Այնպիսի հեռավորության վրա, որից անհնար կլինի հասնել մեր տարածք: Սա առանձին հարց է, չեմ ասում, որ վաղվանից կսկսենք այս գործը։ Բայց մենք պետք է նայենք, թե ինչպես է զարգանում իրավիճակը», - երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Դեռ մինչև հակահարձակումն սկսելը ուկրաինական կողմն էր հայտարարում Ռուսաստանի տարածքում, սահմանակից շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու մտադրության մասին։ Ամեն ինչ կախված է լինելու հակահարձակման հաջողություններից, ասում են ռազմական փորձագետները։

Պուտինը երեկ երեկոյան ռազմական թղթակիցների հետ հանդիպմանը հայտարարել էր նաև, թե ուկրաինական ուժերն արդեն սկսել են հակահարձակումը, սակայն մեծ կորուստներ են կրում ու լուրջ հաջողությունների չեն հասել։

Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են հարձակողական գործողության «մասնակի հաջողությունների» մասին

Ինչպես հայտնել է Գլխավոր շտաբի խոսնակ Անդրեյ Կովալյովը, վերջին երեք օրվա ընթացքում ուկրաինական պաշտպանական ուժերը որոշ ուղղություններով առաջ են անցել 200 մետրից մինչև 1,4 կիլոմետր և ազատագրել մոտ երեք քառակուսի կիլոմետր։

Արևմտյան առաջնորդները զգուշավորությամբ են խոսում ուկրաինական հակահարձկման մասին՝ այդուամենայնիվ նկատելով, որ ուկրաինական բանակը առաջ է գնում։

Յենս Ստոլտենբերգ
Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, մասնավորապես, այսօր կրկնեց այն, ինչ ավելի վաղ հայտարարել էր Միացյալ Նահանգների պետքարտուղարը. - «Մենք տեսում ենք, որ Ուկրաինան խոշոր հակահարձակում է իրականացնում։ Դեռ վաղ է խոսել արդյունքների մասին։ Մենք չգիտենք՝ արդյո՞ք սա պատերազմի շրջադարձային կետ կլինի, թե՞ ոչ: Բայց մենք տեսնում ենք, որ ուկրաինացիները առաջ են գնում և ավելի շատ հողեր են ազատագրում»։

Յենս Ստորլտենբերգը շեշտել է, թե որքան շատ հողեր ազատագրի Ուկրաինան, այդքան ավելի ուժեղ կլինի հաջորդ բանակցությունների սեղանի շուրջ։

Ալեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո

Արևմտյան առաջնորդներն վերջին օրերին հաճապ են օգտագործում ապագա բանակցություններ արտահայտությունը։ Իսկ արդեն անցած բանակցություններից այսօր Բելառուսի նախագահն է սկանդալային հայտարարություն արել։ Նա, մասնավորապես, այսօր ասել է, թե Ստամբուլում անցած տարի մարտին կայացած բանակցություններում ռուսներն ու ուկրաինացիները գրեթե համաձայնեցրել էին մի համաձայնագիր, որտեղ նշված էր նաև Ղրիմը երկարաժամկետ վարձակալության վերցնելու մասին։

«Նորմալ պայմանագիր էր», - ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ հետագայում Ուկրաինան հրաժարվել է այդ համաձայնագրից։

Սակայն Ռուսաստանի նախագահի խոսնակն այսօր հերքել է Լուկաշենկոյի այս պնդումը՝ շեշտելով, թե նման բան չի եղել, Ղրիմը Ռուսաստանի Դաշնության «անբաժանելի մասն է, այն ռուսական տարածաշրջան է»։

Նույն հարցազրույցում Լուկաշենկոն նաև հորդորել է այնպես չանել, որ Պուտինը անելանելի վիճակում հայտնվի. - «Ինձ հարցնում են՝ դուք ճանաչում եք Պուտինին, ասեք՝ նա կսեղմի՞ այդ կոճակը։ Ես ասում եմ, այո։ Միջուկային զենքը դրա համար հենց գոյություն ունի։ Կսեղմե՞ն, թե՞ ոչ։ Ասում եմ՝ կսեղմեն, էն էլ ոնց։ Բայց միայն մի դեպքում, եթե հարձակվեն Ռուսաստանի վրա, եթե Պուտինին պատին դեմ տան»։

XS
SM
MD
LG