Մատչելիության հղումներ

Ուկրաինայում զոհվել են առնվազն 25 հազար 528 ռուսաստանցի զինծառայողներ


Ուկրաինա - Ռուսական խոցված զինտեխնիկա Դոնեցկի մարզի Ստորոժևոյե գյուղում, 14-ը հունիսի, 2023թ.
Ուկրաինա - Ռուսական խոցված զինտեխնիկա Դոնեցկի մարզի Ստորոժևոյե գյուղում, 14-ը հունիսի, 2023թ.

«Մեդիազոնա» կայքը, BBC բրիտանական հեռուստառադիոկայանի ռուսական ծառայության աշխատակիցները և կամավորների խումբը համատեղ հետաքննությամբ հաստատել են, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մեկնարկած պատերազմի ընթացքում Ուկրաինայում սպանվել են առնվազն 25 հազար 528 ռուսաստանցի զինծառայողներ:

Խոսքն անուն-ազգանուններով հաստատված զոհերի մասին է: Տվյալները հավաքվել են բաց աղբյուրներից: Զոհվածներից 2 հազար 498-ը զորակոչվածներ են: Հետաքննող լրագրողները նշում են, որ զոհերի թվում գերակայողը քրեակատարողական հիմնարկներից զորակոչվածներն են:

Առավել շատ բանտարկյալներ են զոհվել Կրասնոդարի երկրամասից, Սվերդլովսկի և Չելյաբինսկի շրջաններից, Բաշկիրիայի և Չուվաշիայի հանրապետություններից և Վոլգոգրադի մարզից:

Զոհվածների թվում են ռուսական բանակի և ուժային այլ կառույցների ավելի քան 2150 սպաներ, որոնցից առնվազն 251-ն ունեցել են փոխգնդապետի և զինվորական ավելի բարձր կոչումներ: Զոհվել են առնվազն 161 օդաչուներ:

«Մեդիազոնա» կայքը և BBC-ն նշում են, որ զոհվածների իրական թիվը կարող է անգամներով ավելի մեծ լինել:

Միացյալ Նահանգների փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի բանակի զոհերի և վիրավորների միացյալ թիվը կարող է հասնել 270-ից 300 հազարի:

Ենթադրվում է, որ Ուկրաինան մոտավորապես նույնքան կորուստներ ունի: Երկու երկրները տևական ժամանակ է չեն հայտնում պաշտոնական տեղեկություններ կորուստների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG