Այսօր Մոլդովայի մայրաքաղաքում մեկնարկող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ։
Պաշտոնական Երևանն անցած օրերին հայտարարել է՝ Քիշնևյան բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ։
«Հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ», - «Ազատությանը» փոխանցել են Արտաքին գործերի նախարարությունից։
Թե առանցքային խնդիր ասելով ի՞նչ նկատի ունի պաշտոնական Երևանը, ԱԳՆ խոսնակը չէր հստակեցրել։
Անցած ամիս «Ազատության» հետ զրույցում վարչապետ Փաշինյանն ասել էր, որ կողմերի հիմնական տարաձայնությունները Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման, խաղաղության երաշխավորի ու էլի մի շարք հարցերում են։
Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են մոտ մեկ շաբաթ առաջ Մոսկվայում, որն ավարտվել է առանց համատեղ հայտարարության, կողմերը որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։
Պուտինի մասնակցությամբ ընդամենը քսան րոպե տևած բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։
Հանդիպումից հետո Կրեմլի ղեկավարը հայտարարել է՝ կողմերի միջև դեռ չկարգավորված տեխնիկական բնույթի հարցեր կան, որոնց կփորձեն այս շաբաթ լուծում տալ երեք երկրների փոխվարչապետերը։
Մոսկվայից առաջ Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում էին հանդիպել՝ մայիսի 14-ին: Այդ հանդիպումը կազմակերպած Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը մոտ չորս ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել է՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ևս երկու հանդիպում կունենան առաջիկա ամիսներին՝ հուլիսին Բրյուսելում, հոկտեմբերին՝ Գրանադայում՝ կրկին Եվրամիության խորհրդի նախագահի մասնակցությամբ։
Միշելի խոսքերով՝ բանակցությունների կազմակերպման Բրյուսելի հիմնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելն է։
Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Քիշնևում շարունակում են Բաքու-Երևան փոխադարձ մեղադրանքների ֆոնին։ Մոսկովյան բանակցություններից հետո Իլհամ Ալիևը Հայաստանին և Արցախին կրկին սպառնացել է ուժի կիրառմամբ, ինչին արձագանքելով՝ Փաշինյանը պնդել է՝ և՛ միջազգային գործընկերները, և՛ Բաքուն պետք է պարզաբանում տան։
Կողմերի միջև այս լարվածության ֆոնին նախատեսված այսօրվա բանակցություններից առաջ Վաշինգտոնն այդուհանդերձ հայտարարել է՝ արդյունավետ հանդիպում է ակնկալում։
Բանակցություններին ընդառաջ Եվրամիությունն էլ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հայտարարությունները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի հայտարարությունը, որը Բրյուսելը խիզախ քայլ է համարում։
Եվրոպական համայնքի գագաթնաժողովը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ։ Հավաքին հրավիրված են եվրոպական ավելի քանի չորս տասնյակ երկրներ՝ ոչ միայն Միության անդամ պետությունները, այլև Միությունից դուրս եկած Մեծ Բրիտանիան, անդամակցության ձգտող թեկնածուները՝ Թուրքիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան, ասոցացման համաձայնագիր ստորագրած Վրաստանը, համագործակցության ավելի ցածր աստիճան ունեցող Հայաստանն ու Ադրբեջանը։
Եվրոպան միավորելու այդ առաջարկը ներկայացրել էր Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից հետո։