Եվրամիությունը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած շաբաթ արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Բրյուսելը սա խիզախ քայլ է համարում։
Քիշնևի հնգակողմ բանակցություններին ընդառաջ տարածած հայտարարությունում ԵՄ-ը դրական է համարում նաև Ադրբեջանի նախագահի մայիսի 25-ի հայտարարությունը, ըստ ամենայնի, նկատի ունենալով այն, որ Մոսկվայում՝ Փաշինյանի հետ բանավեճի ընթացքում Իլհամ Ալիևն ասաց, թե իրենք Հայաստանից տարածքային պահանջներ չունեն։
«Եվրամիությունը ողջունում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում վերջին ամսում արձանագրված աշխուժությունը։ Կարևոր է պահպանել այս պատմական առաջընթացը և խուսափել այնպիսի քայլերից, ներառյալ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգի տակ դնել խաղաղության գործընթացը»- ասված է ԵՄ հաղորդագրությունում։
Թե որ կողմն է թշնամական հռետորաբանություն կիրառում, Բրյուսելը չի հստակեցրել։
Մոսկովյան բանակցություններից մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը Լաչին կատարած այցի ընթացքում դարձյալ սպառնալից հայտարարություններ արեց. մասնավորապես պնդեց, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի իրենց մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա։
Ալիևը նաև շեշտեց՝ Հայաստանը «չպետք է մոռանա, որ Լաչինից երևում են Հայաստանի գյուղերը»։
Ի պատասխան՝ պաշտոնական Երևանը հայտարարեց՝ Ալիևը կասկածի տակ է դնում Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
Եվրամիությունը հիշեցնում է Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում անցկացված հայ-ադրբեջանական վերջին բանակցություններն ու ընդգծում՝ արդյունքում առաջնորդները հրապարակավ վերահաստատեցին իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով կողմերը ճանաչում են Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Բրատիսլավայում Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկման ժամանակ, վերահաստատելով Երևանի դիրքորոշումը՝ դժգոհեց Ալիևից։
«Հստակ է, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ԵՄ խորհրդի նախագահ Միշելի՝ մայիսի 14-ի հայտարարությունը, օրինակ, հիշատակում էր Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքները։ Մի մակարդակում մենք նման հայտարարություններ ենք լսում, մյուս մակարդակում Ադրբեջանը, անձամբ նախագահ Ալիևը, երբեք չեն ասում, թե ճանաչում են Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը», - ասաց Գրիգորյանը։
Հունիսի 1-ի առաջնորդների քիշնևյան բանակցություններին մասնակցելու են նաև Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները։
Շառլ Միշելն, իր հերթին, բանակցություններից առաջ ընդգծել է, որ «այժմ առանցքային նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը՝ նրանց իրավունքների և անվտանգության շուրջ»:
«Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության», - առանց անուններ տալու՝ ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Լաչինում Ադրբեջանի նախագահը նաև արցախցիներին էր զգուշացրել, որ կարող են ցանկացած օպերացիա իրականացնել Արցախում, հետևաբար տեղի հայերը «պետք է լուծարեն իրենց պետական մարմիններն ու դառնան Ադրբեջանի քաղաքացիներ»։