Մատչելիության հղումներ

Քիշնևյան բանակցությանն ընդառաջ Արցախում հույս ու լավատեսություն չկա


Ստեփանակերտ, արխիվ
Ստեփանակերտ, արխիվ

Քիշնևյան բանակցությանն ընդառաջ Արցախում հույս ու լավատեսություն չկա. վաղը Մոլդովայի մայրաքաղաքում հանդիպում են Փաշինյանն ու Ալիևը՝ Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ:

«Ոչ մի ակնկալիք չունեմ ո՛չ Արևմուտքից, ո՛չ Արևելքից, թող շարունակեն էդ ձևով, ընդամենը մեր կյանքի հարցն ա, թող մեր կյանքը չլինի էս աշխարհում, բայց իրանք թող իմանան, որ դա անհետևանք չի լինի», - ասաց Ստեփանակերտի բնակիչ Գայանե Առստամյանը:

Ստեփանակերտցի Գայանե Առստամյանին զայրացրել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությունը, թե ողջունում են Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու վերաբերյալ։ Ալիևը մայիս 28-ին Լաչինում ասել էր պատրաստ են համաներում կիրառել արցախցի պաշտոնյաների նկատմամաբ, եթե նրանք ցրեն խորհրդարանն ու կառավարությունը, եթե ոչ՝ կարող են ցանկացած օպերացիա իրականացնել Արցախում։

«Էդ մենք պիտի մտածենք՝ տալիս ենք իրանց համաներում, թե չենք տալիս, մեր ժողովուրդը, ոչ թե մեր կառավարությունը, տալո՞ւ է իրենց համաներում, թե՝ չէ: Եթե Ամերիկան իրան ներկայացնում է որպես դեմոկրատիայի առաջատար էս աշխարհում, թող մտածի՝ ինչ է խոսում», - նշեց Առստամյանը:

«Ոչ իմ փոքր կյանքն է հարցը, ոչ էլ իմ փոքր ժողովրդի», - ասում է Գայանեն՝ Ալիևին աջակցելն ու արդարացնելն է համարում աշխարհի վերջը մոտեցնող քայլ. - «Ադրբեջանը ռազմական հանցագործ պետություն ա, իրանց ղեկավարը ռազմական հանցագործ ղեկավար է, վերջ»​:

Արցախցի կինը բազմաթիվ օրինակներ ունի՝ պատմում է վերջինի մասին՝ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի ադրբեջանական անցակետում հարցեր են առաջացել անգամ հանգուցյալի հանդեպ. տղամարդը բուժման համար Երևան էր եկել ու այստեղ մահացել:

«Չեն թողել անցակետից դին բերեն, որովհետև ինքը իրանց տեսակետից պատերազմի մասնակից է: Բա լավ է, որ պատերազմի մասնակից է, բա ի՞նչ պիտի լինի ձեր ձեռը», - նշեց Ստեփանակերտի բնակիչը:

Արցախցի ընդդիմադիր պատգամավորը քիշնևյան հանդիպումից ոչ թե հույս, այլ մտավախություն ունի

Արցախցի խորհրդարանականներն էլ, մեղմ ասած, լավատես չեն, թե վաղվա հանդիպմանը որևէ առաջընթաց կգրանցվի խաղաղությանը մոտենալու առումով։

«Կան կարևոր հարցեր խաղաղության պայմանագրի դրույթներում, որոնք, ըստ մեր տեղեկությունների, դեռ կողմերը հեռու են շատ իրարից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասով խաղաղության պայմանագրում նշվող դրույթների, ըստ էդ տեղեկությունների, նաև սահմանազատման, սահմանագծման հետ կապված հարցերն են», - ասաց Իշխանական «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը​:

Հարությունյանը շեշտում է՝ հատկապես Ալիևի վերջին օրերի ագրեսիվ հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ խաղաղության շահագրգռություն Ադրբեջանի նախագահը չունի։ Պատգամավորը նաև անընդունելի է համարում Միացյալ Նահանգների ողջույնը Ալիևի համաներման գաղափարին։

«Դատապարտելի է իրականում խաղաղության պայմանագրի միջնորդ հանդիսացող երկրի կողմից պաշտոնապես այդպիսի բան հայտարարելը: Այստեղ որևէ հանցագործ չկա, եթե մարդը պայքարում է իր իրավունքների և ազատության համար, նա հանցագործ չէ»​, - ընդգծեց նա:

Որևէ բանակցությունն ընդունելի կհամարի, եթե օրակարգում արցախցիների ինքնորոշման սկզբունքի քննարկումն է. - «Պետք է հասցեագրված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, ոչ թե ինչ-որ լղոզված կամ ամորֆ հայտարարություններ կամ կետեր»:​

Արցախցի ընդդիմադիր խորհրդարանական Դավիթ Գալստյանը քիշնևյան հանդիպումից ոչ թե հույս, այլ մտավախություն ունի՝ ասում է՝ «բոլոր այդ հանդիպումներից հետո մեր ճգնաժամը խորանում է»:

«Կապված է ոչ թե միջնորդ երկրների հետ, այլ հայկական շահը ներկայացնող անձնավորության հետ, որ գլխիկոր չի կարողանում հայկական շահը պահել և առաջ տանել», - ասաց Գալստյանը:

Դավիթ Գալստյանի տպավորությամբ՝ այնտեղ, որտեղ Հայաստանի վարչապետն է, Արցախի հարցում հետքայլ է գրանցվում. - «Ժողովրդի ինքնորոշման իրավունքը որևէ միջազգային հանրության կողմից չի կարող կասկածի տակ դրվել այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է դնում դա կասկածի տակ»:​

Ըստ պատգամավորի, Ադրբեջանի նախագահը Արցախի պետական ինստիտուտները ցրելու սպառնալիքով՝ «ուղղակի կամ անուղղակի ճանաչում է Արցախի Հանրապետությունը»:

«Դրա մասին պետք է այսօր Հայաստանի իշխանությունը թմբկահարի, որ՝ այո, տեսեք Արցախի Հանրապետությունը կայացած է հանրապետություն իր ողջ ինստիտուտներով, որոնց մասին Ալիևը խոսում է, բայց չկա դա», - նշեց Գալստյանը:​

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG