Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը, երեկ Բրյուսելում ավելի քան չորս ժամ շարունակված բանակցություններից հետո հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահը:
Ընդ որում՝ այս անգամ Շառլ Միշելը հստակ նշեց երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը։ 86 600 քառակուսի կիլոմետրը Խորհրդային Ադրբեջանի տարածքն է, որի մեջ մտնում էր նաև Լեռնային Ղարաբաղը։
«Առաջնորդները վերահաստատեցին իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարեց եվրոպացի պաշտոնյան։
Փաստելով, որ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում՝ Շառլ Միշելը միաժամանակ նշել է, թե կողմերը մտքեր են փոխանակել «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ»:
Ինքը՝ եվրոպական խորհրդի ղեկավարն անձամբ իր անունից հորդորել է Ադրբեջանին՝ ուղիղ խոսել Ղարաբաղի բնակչության հետ և մշակել օրակարգ, որի նպատակը պետք է լինի երաշխավորել Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ:
Թե կոնկրետ ինչ է ենթադրում միջազգային համայնքի հետ այդ համագործակցությունը, և արդյոք Ալիևը պատրաստ է դրան, Միշելը չի հստակեցրել:
«Ես հորդորել եմ Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգի մշակման մեջ՝ նպատակ ունենալով երաշխավորել բնակչության իրավունքներն ու անվտանգությունը միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ Ես բարձրաձայնեցի նաև Բաքվի և այս բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին։ Կարծում եմ, որ կարևոր է զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից, բարեխղճորեն ներգրավվել և առաջնորդություն ցուցաբերել՝ փոխընդունելի լուծումների հասնելու համար», - ասել է Շառլ Միշելը։
«Կողմերը հստակ առաջընթաց են արձանագրել հաղորդակցության ու տնտեսական ուղիների բացման հարցում»
Որպես առաջընթաց`Միշելը նշել է, թե կողմերը հստակ առաջընթաց են արձանագրել հաղորդակցության ու տնտեսական ուղիների բացման հարցում։
Չհստակեցնելով մանրամասները՝ եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է, թե «դիրքորոշումներն այժմ շատ են մոտեցել հատկապես դեպի Նախիջևան և Նախիջևանի միջոցով երկաթգծի վերագործարկման հարցում»:
«Հիմա առաջնորդներն իրենց թիմերին հանձնարարարել են ավարտին հասցնել համաձայնությունը երկաթուղային կապերի բացման եղանակների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ՝ կոնկրետ ժամանակացույցով», - ասել է ԵԽ ղեկավարն, ընդգծելով, որ կողմերը համաձայնել են դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը:
Միշելը, սակայն, չի հստակեցրել, թե արդյոք Ադրբեջանի նախագահը հրաժարվել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից։
«Սահմանի վերջնական դելիմտացիան պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով»
Հաջորդ հարցը, որի ուղղությամբ, ըստ Միշելի տեղաշարժ է արձանագրվել, սահմանագծումն է:
Ալիևն ու Փաշինյանը, մասնավորապես, պայմանավորվել են վերականգնել սահմանային հանձնաժողովների աշխատանքը, ինչպես նաև համաձայնել են, որ սահմանի վերջնական դելիմտացիան պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով:
«Կա ըմբռնում, որ առաջիկա շաբաթներին ձերբակալվածների ազատ արձակում է լինելու»
Բացի այդ, ըստ Շառլ Միշելի, կողմերը քննարկել են նաև գերիների ու պատանդների հարցը: Կա ըմբռնում, որ առաջիկա շաբաթներին ձերբակալվածների ազատ արձակում է լինելու, թե քանիսն են տուն վերադառնալու, Միշելը չի նշել, սակայն, ընդգծել է, որ իր համոզմամբ, այս պայմանավորվածությունը պետք է վերաբերի նաև այն զինվորներին, որոնք մոլորվել են ու անցել սահմանը:
Շաբաթներ առաջ հայկական կողմում երկու սահմանախախտ ադրբեջանցի զինվորներ էին ձերբակալվել, որոնցից մեկը, ի դեպ, մեղադրվում է սպանության համար: Ադրբեջանական մամուլն արդեն պնդում է, թե Միշելի այս կոչը նրանց ազատ արձակմանն է նաև վերաբերում։
Երեկվա բանակցություններում, ըստ պաշոտնական հաղորդագրությունների, փաստաթղթի ստորագրում չի եղել, սակայն Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։
Շառլ Միշելը հանդիպումից հետո շեշտել էր, թե «Խաղաղության պայմանագրի շուրջ վաշինգոնյան արդյունավետ բանակցություններից հետո պետք է պահպանել դրական առաջընթացը և ձեռնարկել վճռորոշ քայլեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ»։
Երկու երկրների առաջնորդները, եվրոպացի պաշտոնյայի փոխացմամբ, կրկին կհանդիպեն Բրյուսելում հուլիսին, իսկ մինչ այդ հանդիպում կունենան Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ Քիշնևում հունիսի 1-ին կայնալիք Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Բացի այդ Եվրոպայի խորհրդի նախագահը մտադի է Ալիևին և Փաշինյանին ևս մեկ հանդիպման հրավիրել հոկտեմբերին։