Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում․ Փաշինյան


Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարելով խաղաղության օրակարգի առաջմղումը։

Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, նշեց վարչապետը՝ հույս հայտնելով հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն։

«Միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց համապատասխանաբար 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, և ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն», - նշեց գործադիրի ղեկավարը՝ նկատելով՝ Երևանը համաձայն է այս տրամաբանությանը և բանակցությունները վարում է այս տրամաբանությամբ։

«Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարևոր են։ Միևնույն ժամանակ համոզված եմ, որ ՀՀ անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով, սա հեշտ գործընթաց չէ, բայց այն է, ինչ ուզում և ակնկալում է մեր ժողովուրդը», - ասաց Փաշինյանը։

«Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու օրակարգ գոյություն չունի»

Հայաստանի և Եվրամիության, Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների օրակարգում Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու օրակարգ գոյություն չունի, ասաց Փաշինյանը։

«Այլ հարց, որ մենք արևմտյան մեր գործընկերների հետ սկսել ենք քննարկել նաև անվտանգային ոլորտին վերաբերող հարցեր, նախկինում մենք նման հարցեր ընդհանրապես չէին քննարկում, որովհետև համարում էինք, որ տարածաշրջանում կա անվտանգային ճարտարապետություն, որն առնվազան դե յուրե հատվածով պետք է լինի հուսալի և անխոցելի, երբ որ տեսնում ենք, որ այդ անվտանգային համակարգը չի գործում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, կամ չի գործում այնպես, ինչպես ձևակերպված է իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթերում, մենք նաև արևմտյան և ոչ միայն արևմտյան գործընկերների հետ անվտանգային հարցեր նույնպես քննարկում ենք», - ասաց Փաշինյանը։

Խոսելով ՀԱՊԿ-ից՝ գործադիրի ղեկավարն ասաց՝ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած Հայաստանի Հանրապետության տարածքը։ «Ֆունդամենտալ պրոբլեմը սա է, երբ, որ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանան», - ասաց վարչապետը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս ասել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով քննարկումներ են եղել։ Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը պարզաբանել էր՝ հարցն, ամենայն հավանականությամբ, ԱԽ-ում է քննարկվել՝ անցած տարվա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման օրերին։ Այդ ժամանակ կառավարությունը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին՝ ակնկալելով, այդ թվում՝ ռազմական օգնություն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումն ապահովելու համար: Այդ օգնությունը չստացվեց, ՀԱՊԿ-ը միայն դիտորդներ ուղարկելու պատրաստակամություն հայտնեց։

«Չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել բողոքից»

Փաշինյանն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ չի հորդորել իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին, հրաժարվել Գայանե Հակոբյանի դեմ բողոքից։

Գայանե Հակոբյանը կիրակի օրը մեկ ամսով կալանավորվեց՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով։ Քննչական կոմիտեն մարդուն առևանգելու հոդվածով քրեական գործը հարուցել էր Փաշինյանի որդու հաղորդման հիմքով։

Փաշինյանն ասաց, երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իր որդին՝ իր փաստարկներով, զրկել է իրեն նման կոչով դիմելու հնարավորությունից։

«Ես Հայաստանում չէի միջադեպի ժամանակ, մինչև վերադարձա, տեսա որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Երբ ես նրա հետ զրուցում էին, ինքն ասում էր, որ «ամբողջ նպատակն այն չէ՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը», բա հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին։ Հիմա ես էլ իմ ընկերներին, իմ ջոկատի անդամներին վերցենեմ պատասխան գործողություն անե՞մ կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքով պատասխանե՞մ, սպառնալիքին սպառնալիքով պատասխանե՞մ, առևանգմանը առևանգմամբ պատասխանե՞մ, դա անընդունելի է, և Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծվեն։ Ինքն ինձ ասաց, որ «բոլոր իմ ընկալմամբ, սա է եղել քո քաղաքական գործունեության և պայքարի ամբողջ նպատակը և իմաստը», որից հետո ես չունեմ որևէ փաստարկ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու», - ասաց Փաշինյանը։

«Երևանը չորրորդ խմբագրումն է փոխանցել ադրբեջանական կողմին և սպասում է Բաքվի արձագանքին»

Վաշինգտոնյան հանդիպումներից հետո Հայաստանը չորրորդ խմբագրումն է փոխանցել ադրբեջանական կողմին և սպասում է Բաքվի արձագանքին, ասաց Փաշինյանը՝ կրկին վերահաստատելով՝ Երևանի խնդիրն է հնարավորինս արագ ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը, որի շուրջ էլ թիմը ինտենսիվ աշխատում է։

Հարցին, թե Մոսկվայում, Քիշնևում կամ Գրանադայում սպասվող հանդիպումներում հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր ստորագրվի, Փաշինյանը պատասխանեց, որ մոսկովյան հանդիպումը հինգշաբթի օրն է և փաստաթղթի ստորագրումն իրատեսական չի համարում։

«Հիմա եթե չեմ սխալվում չորրորդ խմբագրում ենք ուղարկել ադրբեջանական կողմին։ Հիմա մենք իրենց արձագանքին ենք սպասում, որը հույս ունենք կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումը, ըմբռնումը, պայմանավորվածությունները, այն ըմբռնման առաջընթացը, որն արձանագրվել է։ Օրինակ, եթե պարզվի, որ Ադրբեջանը էս շաբաթ փոխանցի իր արձագանքները և եթե մեկ շաբաթը բավարար է վերլուծելու համար, եթե տեսնենք, որ էդ առաջարկները, մոտեցումները համարում ենք ընդունելի, փոխզիջումային տրամաբանության մեջ, ինչու չէ, բայց էս պահին չենք ստացել իրենց արձագանքները», - ասաց Փաշինյանը։

Մայիսի 25-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակող հանդիպում։ Փաշինյանը Ալիևի հետ կհանդիպի նաև հունիսի 1-ին Քիշնևում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահի Շառլ Միշելի մասնակցությամբ։ Նման հնգակողմ հանդիպում կլինի նաև հոկտեմբերին Գրանադայում (Իսպանիա)։

«Հայաստանի ամենաբարձր լեռն Արագածն է»

Հայաստանի ամենաբարձր լեռն Արագածն է, իսկ Արարատ լեռը Հայաստանի Հանրապետությունում չէ և դա փաստ է, այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե վերջին շրջանում հաճախ է խոսում Արարատի, Արագածի մասին և պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիայից ուղերձներ է ստանում Արարատի հետ կապված։

«Խոսելով Արարատի և Արագածի մասին, ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք հանդիսացող տարածքի և ՀՀ ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքի մասին։ Արագածը Հայաստանի Հանրապետությունում է, Արարատը Հայաստանի Հանրապետությունում չէ, եթե խոսքը լեռան մասին է։ Թուրքիայի պարագայում ունենք հստակ գծագրված սահման», - ասաց վարչապետը։

«Հարցին, թե Հայաստանի ամենբարձր լեռը ո՞րն է, երեխաներից կեսից շատը պատասխանում է, որ Արարատը»՝ արձանագրեց վարչապետը՝ հորդորելով հարցին նայել Թուրքիայի տեսանկյունից։

«Իրենք նայում են ու ասում են՝ «Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ է», սա կարծում եմ, փաստ է, «հիմա, եթե Հայաստանում երեխաներն ասում են, որ ամենաբարձ սարն Արարատն է, սա նշանակում է, որ ՀՀ-ն ունի տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ, և եթե էդպես է, ինչո՞ւ աջակցենք, նպաստենք կամ չնկատելու տանք, որ Հայաստանի Հանրապետությունը զարգանա, եթե նրանք տարածքային պահանջներ ունեն, մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանց ոչնչացնենք»։ Եվ հիմա հարց՝ Հայաստանի ամենաբարձր սարը ո՞րն է, Արագածը։ Եվ սա է այն քաղաքականությունը, որը Հայաստանի Հանրապետությանը զարգանալու հնարավորություն կտա», - ասաց Փաշինյանը։

«Այս պահի դրությամբ մոլորված լինելու հետևանքով Հայաստանում հայտնված ադրբեջանցիներ չկա»

Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց՝ կա ըմբռնում, որ մոլորվելու հետևանքով հակառակ կողմում հայտնված զինծառայողները, քաղաքացիները պետք է հեշտացված կարգով հետ վերադառնան։

Միևնույն ժամանակ վարչապետը հաստատեց՝ այս պահի դրությամբ մոլորված լինելու հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հայտնված ադրբեջանցիներ չկա։

«Բոլոր ադրբեջանցիներն, ովքեր այս պահին Հայաստանում են, նրանք, իրենց որոշմամբ, որոշել են և իմանալով հատել են Հայաստանի հետ սահմանը։ Ես հաստատում եմ, որ մոլորված անձինք՝ ցանկացած ադրբեջանցի, մոլորված լինելու հետևանքով, որ կհայտնվի Հայաստանի Հանրապետությունում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին, բայց այս պահին այդպիսի քաղաքացի չունենք», - ասաց Փաշինյանը։

Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնեց, թե կա ըմբռնում, որ առաջիկա շաբաթներին ձերբակալվածներ են ազատ արձակվելու։ Նա ընդգծեց, որ իր համոզմամբ, այս պայմանավորվածությունը պետք է վերաբերի նաև այն զինվորներին, որոնք մոլորվել են ու անցել սահմանը։

Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում 33 հայ ռազմագերի կա, նրանցից 26-ը Խծաբերդի պահեստազորայիններն են։ Ադրբեջանում հայ ռազմագերիները մեղադրվում են տարբեր հոդվածներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև զինված խմբավորում կազմելու համար։ Ադրբեջանը հրաժարվում է նրանց արտահանձնել՝ պնդելով, թե նրանք հանցագործներ են։ Բաքուն միաժամանակ Երևանից պահանջում է վերադարձնել մեկ ամիս առաջ Հայաստանի սահմանը հատած իր երկու զինծառայողներին, որոնցից մեկը նաև սպանության համար է մեղադրվում։ Ադրբեջանի պնդմամբ, զինվորները մոլորվել են անբարենպաստ եղանակի պատճառով, իսկ հայկական կողմը նրանց գերի է վերցրել։ Մինչդեռ Փաշինյանը խորհրդարանում ասել էր, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանցին զորամասից փախել է ճնշումների պատճառով։

«86, 6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»

Բրյուսելում չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ ընդգծելով երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։

Օրեր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանը վերահաստատեց՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․- «Տեսեք՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։

Հարցին, թե ուղիղ չի նշում՝ Հայաստանի կառավարությունն ասո՞ւմ է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, վարչապետը պատասխանեց․ - «Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի չասի, Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ես ասել եմ, որ ավելի եմ կոնկրետացրել և ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ասել՝ 86, 6 հազար կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։ Եթե մենք ճիշտ ենք հասկանում մենք այս հարցում Ադրբեջանի հետ իրար, Հայաստանի Հանրապետությունն, այո՛, ճանաչում է Ադրբեջանի 86, 6 հազար տարածքային ամբողջականությունը՝ էն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը», - ասաց գործադիրի ղեկավարը։

Փաշինյանը նաև շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։

«Մենք, ինչպես իմ բացման խոսքում ասացի, կարևոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը։ Ի՞նչ նկատի ունեմ, նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ ԼՂ հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը, և մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվի», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG