Մատչելիության հղումներ

Բաքուն «անհիմն և կողմնակալ է» համարել Ալիևի Լաչինի ելույթի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն «անհիմն և կողմնակալ է» համարել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը կապված Ալիևի՝ Լաչինի շրջանում ունեցած ելույթի հետ։

«Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության, Ադրբեջանի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության և տարածաշրջանում անջատողականությանը նպաստող քայլերի վճռական կանխարգելման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի կոչերը միտումնավոր խեղաթյուրելը վկայում է այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն դասեր չի քաղում պատմությունից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Լավ կլիներ, որ հայկական կողմը խաղաղություն հաստատելու ջանքերին խոչընդոտելու և կեղծ հայտարարություններ անելու փոխարեն, ոչ թե խոսքով, այլ գործով հարգեր մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այդ թվում՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ շեշտելով՝ «Ադրբեջանը մտադիր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը տեղի հայ բնակիչների վերաինտեգրման համար»։

Պաշտոնական Երևանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված հայտարարություններին, պնդելով, թե դրանք «միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»:

Հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել է՝ «աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն»:

Ալիևը Լաչինում մի շարք սպառնալից հայտարարություններ է արել, նաև նախապայմաններ առաջ քաշել։ «Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։ Սրանք են մեր պայմանները, և այդ պայմանների մասին ես հայտարարում եմ այստեղ ՝ Լաչին քաղաքում։ Թող չմոռանան, որ այստեղից նաև երևում են Հայաստանի գյուղերը», - սպառնացել է Ալիևը։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով՝ հայտարարեց՝ Ալիևի այս հայտարարություններից հետո և՛ միջազգային գործընկերները, և՛ Բաքուն պետք է պարզաբանում տան՝ հրաժարվում է արդո՞ք Ադրբեջանի նախագահը բրյուսելյան պայմանավորվածություններից։

«Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանը, և այդ մասին հայտարարել է Եվրամիությունը, պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունները։ Առնվազն հասկանալի չեն էս առումով Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Որովհետև, եթե էդ նշանակում է հրաժարում... Տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանություն անել։ Կարծում եմ, էստեղ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որպեսզի մեր հետագա գործողությունները նաև պլանավորենք», - երեկ խորհրդարանում նշեց Փաշինյանը։

Բաքու-Երևան այս հայտարարությունները հնչում են Քիշնևում հունիսի 1-ին կայանալիք հնգակողմ հանդիպումից առաջ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG