Մատչելիության հղումներ

ԵՄ-ը ողջունել է հայ - ադրբեջանական կարգավորման ակտիվացումը վերջին մեկ ամսվա ընթացքում


Երկու օրից Քիշնևում նախատեսված բանակցություններին ընդառաջ Եվրամիությունը ողջունել է հայ - ադրբեջանական կարգավորման ակտիվացումը վերջին մեկ ամսվա ընթացքում։ Հայտարարությունը տարածած Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության խոսնակը միևնույն ժամանակ կարևոր է համարել, որ կողմերը խուսափեն խաղաղության գործընթացը վնասող հայտարարություններից։

«Կարևոր է պահպանել այս պատմական առաջընթացը և խուսափել այնպիսի քայլերից, ներառյալ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը», - հայտարարում է Փիթեր Ստանոն։

Հայտարարությունում Եվրամիությունը հիշեցնում է Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում անցկացված հայ-ադրբեջանական վերջին բանակցություններն ու ընդգծում՝ արդյունքում առաջնորդները հրապարակավ վերահաստատեցին իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմա- Աթայի հռչակագրին, որով կողմերը ճանաչում են Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։

«Մենք ողջունում ենք այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախ հայտարարությունը մայիսի 22-ին և Հայաստանի հստակ պատրաստակամությունը՝ աշխատելու սահմանի դելիմիտացիայի ուղղությամբ։ Մենք նաև ողջունում ենք Ադրբեջանի նախագահի մայիսի 25-ի հայտարարությունը»։

Նշվում է նաև, որ Եվրոպական խորհրդի միջնորդությամբ Բրյուսելում մայիսի 14-ին անցկացված բանակցություններում կողմերը կենտրոնացել են մի շարք առանցքային հարցերի, մասնավորապես, սահմանային խնդիրների, հաղորդակցության, հումանիտար հարցերի ու նախկին ԼՂԻՄ տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վրա։ Քանի դեռ զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, Եվրամիությունը կարևորում է վստահության ձևավորելու, խնդիրները լուծելու առաջնորդություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ համապարփակ կարգավորման հասնելու համար։

Եվրամիությունը վերահաստատում է խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու հանձնառությունը և շեշտում՝ չնայած հակամարտության բարդ պատմությանը, բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով։

XS
SM
MD
LG