Մատչելիության հղումներ

Մոսկվայում մայիսի 25-ին նախատեսված է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում


Մայիսի 25-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակող հանդիպում, այս մասին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին։

«Ռուսաստանի նախագահից առաջարկ ենք ստացել Մոսկվայում ՌԴ նախագահի միջնորդությամբ եռակողմ հանդիպում անցկացնել, և մենք ընդունել ենք այդ առաջարկը», - ասաց վարչապետը։

Վաղը Մոսկվայում նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես տեղեկացրեց վարչապետը արտգործնախարարն արդեն մեկնել է Մոսկվա:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահի Շառլ Միշելի մասնակցությամբ Քիշնևում հունիսի 1-ին տեղի կունենա հանդիպում Իլհամ Ալիևի հետ: «Նման հնգակողմ հանդիպում կլինի նաև հոկտեմբերին Գրանադայում (Իսպանիա), իսկ հաջորդ եռակողմ հանդիպումը՝ հուլիսին Բրյուսելում», - ասաց վարչապետը:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները վերջին անգամ հանդիպել են այս ամիս՝ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի մասնակցությամբ:

Չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո դրանք հյուրընկալող Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Ընդ որում՝ այս անգամ Շառլ Միշելը ընդգծել է երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։ Այս 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG