Մատչելիության հղումներ

Եվրոպացի օրենսդիրները կոչ են անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը


Եվրոպական խորհրդարանը, Ստրասբուրգ, 18 հունվարի, 2023թ.
Եվրոպական խորհրդարանը, Ստրասբուրգ, 18 հունվարի, 2023թ.

Եվրախորհրդարանն այսօր քվեարկությամբ մերժել է Լաչինի միջանցքի հարցով բանաձևի լրամշակումները և այդպիսով ընդունել է ամբողջ բանաձևը, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը և կանխել մարդասիրական աղետը:

Քննարկումները տեղի են ունեցել նախօրեին՝ ուշ երեկոյան: Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերին նվիրված լսումների շրջանակում տեղի է ունեցել քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» թեմայով:

Պատգամավորները կազմել են բանաձևի նախագիծ, որով Ադրբեջանին կոչ են անում անհապաղ դադարեցնել Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը, հետագայում ձեռնպահ մնալ Հայաստանի և Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական կապերը խափանելու գործելակերպից, դատապարտում են ռուս խաղաղապահների անգործությունը, ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին կոչ են անում փաստահավաք առաքելություն գործուղել Լաչինի միջանցք և հորդորում են կողմերին Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա վերսկսել խաղաղության բանակցությունները:

Եվրոպացի օրենսդիրները բանաձևում կարևորում են հարատև խաղաղության հասնելու պայմանագրի անհրաժեշտությունը և Բաքվին կոչ են անում երաշխավորել հայության իրավունքները, խուսափել հրահրող հայտարարություններից, այդ առումով ընդգծելով արցախահայությանն իրենց տներից հեռանալու կոչերի անթույլատրելիությունը և սպառնալիքները հայերի հասցեի:

Եվրոպացի օրենսդիրները դատապարտում են մարդու իրավունքների պաշտպաններին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների քավության նոխազ դարձնելու գործելակերպը և Միության երկրներին հորդորում են սատարել այդ կառույցների աշխատանքին:

Ապա օրենսդիրները բանաձևում նշում են, որ անհրաժեշտ է արտակարգ կարգով քննարկել անգործություն դրսևորող ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով փոխարինելու հնարավորությունը:

Եվրախորհրդարանը կոչ է անում Միությանը գործուն եղանակով մասնակցել խնդրի կարգավորմանը և հասնել այն բանի, որ արցախահայությունը չմնա Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դիրքորոշման և Մինսկի խմբի անգործության պատանդի դերում:

Եվրոպացի օրենսդիրները նախագահին հանձնարարում են ընդունված բանաձևը փոխանցել Հայաստանին, Ադրբեջանին և միջազգային պատկան կազմակերպություններին:

Երեկ ելույթ են ունեցել տասնյակ օրենսդիրներ, և առանց բացառության՝ նրանցից յուրաքանչյուրը խստորեն դատապարտել է թե՛ կեղծ բնապահպանական կարգախոսներով ճանապարհը փակելու ադրբեջանական կողմի գործելակերպը և թե՛ ճանապարհի անվտանգությունը ստանձնած ռուսական կողմի անգործությունը:

Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը Բաքվին կոչ է արել դադարեցնել շրջափակումը և այդպիսով կատարել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը:

«120 հազար հայեր ապրում են բլոկադայի պայմաններում, հարյուրավոր ընտանիքներ չեն կարողանում միավորվել: Երեխաները չեն գնում դպրոց, մարդիկ զրկվում են պարենից և տարրական կարիքները հոգալու հնարավորությունից»,- ասել է Կալյուրանդը:

Բոլոր ելույթներն ավարտվել են Բաքվին ուղղված նույն պահանջով՝ «Հենց հիմա բացե՛ք միջանցքը»:

Նատալի Լուազոն Ֆրանսիայից «էթնիկ մաքրազտում» է անվանել Իլհամ Ալիևի ռեժիմի քաղաքականությունը:

Բերտ-Յան Ռուիսենը Նիդերլանդներից նշել է, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում իրենց պարտավորությունները չեն կատարում և առաջարկել է ավելացնել դիտորդների թիվը:

Ռոբերտ Հայշելը Սլովակիայից ասել է, որ Արցախում սկսվում է մարդասիրական աղետ, որը կասեցնելու միակ ուղին ճանապարհի ապաշրջափակումն է և բանակցությունների վերսկսումը:

Իտալացի Ֆաբիո Կաստալդոն էլ կոչ է արել միջանցքը չբացելու պարագայում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:

Վերջին բանախոսն Ուրսուլա ֆոն դեր Լայենի ղեկավարած Եվրոպական հանձնաժողովում տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա-Յոանա Վալեան էր:

Նա ասել է, որ Եվրամիությունն անցյալ տարվա դեկտեմբերին Լաչինի միջանցքի արգելափակման առաջին օրերից ուշադրությամբ հետևում է իրավիճակին: Նա նշել է միջանցքը բացելու կարևորությունը և ասել, որ տեղում հիմա միայն Կարմիր խաչն է աշխատում:

Վալեան առաջարկել է վերսկսել խաղաղության բանակցությունները և դրանց միջոցով լուծել կողմերին մտահոգություն պատճառող բոլոր հարցերը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG