Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին, հայտնում են խորհրդարանից:
Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին:
Նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից:
Անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող արցախաբնակ 120.000 հայերին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է:
«Առնվազն 1.100 խաղաղ բնակիչներ վերջին շաբաթների ընթացքում մնացել են արգելափակված մայրուղու երկայնքով՝ չկարողանալով վերադառնալ իրենց տները»,- ասվում է պաշտոնական նամակում: Անդրադարձ է արվում նաև Հայաստանում ժամանակավոր ապաստան ստացած 270 անչափահասներին, որոնց ծնողներն Արցախում են:
ԱԺ նախագահը տեղեկացրել է նաև, որ այսօր Արցախն ապրում է մեկուսացման պայմաններում՝ էլեկտրաէներգիայի ծայրահեղ պակասով, առանց կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունների և ապրանքների հասանելիության:
«Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար, ներառյալ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Սա ԱԺ նախագահի երկրորդ նմանատիպ պաշտոնական նամակն է միջազգային գործընկերներին: Խորհրդարանի ղեկավարն այս հարցով գործընկերներին դիմել էր նաև 2022 թվականի դեկտեմբերի 14-ին «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության ընդունումից հետո: