Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը խոսում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին


Արցախի շրջափակման 37-րդ օրը Ռուսաստանի արտգործնախարարը խոսեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում երեկ Սերգեյ Լավրովն ընդգծել էր Լաչինի միջանցքով լիարժեք երթևեկության շուտափույթ վերականգնման անհրաժեշտության մասին՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության։

Բայրամովը, մինչդեռ դարձյալ պնդել է, որ ճանապարհի փակ լինելու ու հումանիտար ճգնաժամի մասին հայկական կողմի պնդումներն անհիմն են։ Ադրբեջանի արտգործնախարարը իբրև ապացույց մատնանշել է, որ ամեն օր Լաչինի ճանապարհով ռուս խաղաղապահների, նաև Կարմիր Խաչի և Հայաստանի շտապօգնության մեքենաներն են անցնում։

«Ադրբեջանի քաղաքացիների օրինական իրավունքն է բողոքել ադրբեջանական տարածքներում ապօրինի տնտեսական գործունեության, այդ թվում՝ բնական պաշարների և Լաչինի ճանապարհի ապօրինի շահագործման դեմ։ Այս առումով կարևոր է կատարել ցուցարարների օրինական պահանջները», - նշել է Բայրամովը։

Եթե երեկ Լավրովը խոսում էր Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հավատարիմ մնալու մասին, ապա անցած դեկտեմբերին, երբ Հայաստանը հրաժարվեց մասնակցել Մոսկվայի եռակողմ հանդիպմանը, Լավրովը Բայրամովի հետ բանակցություններից հետո ընդամենը ասել էր, թե Ռուսաստանը կողմ է, որ ճանապարհը արագ ու լիարժեք բացվի՝ միաժամանակ ընդգծելով, թե Մոսկվան կողմ է, որ լուծվեն նաև հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունները։ Հանքերի մասին որևէ հիշատակում Մոսկվայի երեկվա պաշտոնական հաղորդագրությունում չկա։

Ըստ վերլուծաբանների, Մոսկվան փոխել է շեշտադրումները

Վերլուծաբանները կարծում են, որ Մոսկվան փոխել է շեշտադրումները։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ այս մակարդակով և այս շեշտադրումներով Մոսկվան առաջին անգամ է բարձրաձայնում խնդրի մասին, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով։ Նախ՝ որքան երկարում է ճանապարհի փակումը, այնքան ավելի մեծանում է միջազգային ուշադրությունը խնդրի հանդեպ՝ քննարկման առարկա դառնալով միջազգային տարբեր կառույցներում։ Զուգահեռաբար մեծանում է Ռուսաստանի, որպես խաղաղապահի, մոդերատորի հեղինակազրկման ռիսկը։

«Ռուսաստանը թերևս տեսնելով այդ լուրջ խնդիրները փորձում է ավելի հստակ արտահայտել և ավելի հստակ դիրքորոշում ցույց տալ Բաքվի հանդեպ այդ խնդիրներում», - ասաց Բադալյանը:

«Ազատության» հարցին՝ «ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի այս հորդորից հետո կփոխվի՞ իրավիճակը, Ադրբեջանը կապաշրջափակի՞ ճանապարհը», քաղաքական մեկնաբանը պատասխանեց. - «Շատ բարդ է ասել, որովհետև մենք տեսնում ենք՝ Ադրբեջանին առաջինը Ռուսաստանը չի կոչ անում, կոչեր հնչում են արդեն շատ երկար ժամանակ, բայց դրանք մեծ հաշվով իրավիճակ չեն փոխում: Պետք է հասկանանք, որ ի վերջո խնդիրը հանգուցալուծվելու է ոչ թե կոչերի, այլ շահերի շրջանակում»:

Քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ էական դերակատարում է ունեցել նաև այն հանգամանքը, որ թե՛ Հայաստանը և թե՛ Արցախը ընտրեցին ոչ թե ադրբեջանական պահանջները կատարելու, այլ դիմակայելու ճանապարհը, դրանով նոր իրավիճակ ստեղծելով խնդրի շուրջ, ինչն էլ արտացոլվում է Լավրովի հայտարարության մեջ։

Հակոբ Բադալյանը քիչ հավանական է համարում, որ Ռուսաստանը կարող է կոշտ միջոցների դիմել և ուժով բացի ճանապարհը, հատկապես, որ այժմ Մոսկվան պատրաստվում է ուկրաինական ուղղությամբ ավելի մասշտաբային գործողությունների և Կովկասում սուր իրավիճակ ստեղծելը իր շահերից չի բխում։

«Եթե, իհարկե, իրավիճակը չզարգանա այն տրամաբանությամբ, երբ արդեն կա պարզապես Ռուսաստանի՝ Կովկասից դուրս մնալու խնդիր: Ռուսաստանը այդպիսի հրամայականի առաջ չէ այս պահին, բայց, իհարկե, կան մտահոգիչ տենդենցներ ռուսների համար, և սա էլ կարող է իրավիճակ և հռետորաբանություն փոխել: Բայց այսօր կտրուկ գործողություններ Ադրբեջանի դեմ ես գրեթե բացառում եմ, առավել ևս այն պարագայում, երբ Ռուսաստանը հիմա, կարծես թե պատրաստվում է ուկրաինական ուղղությամբ առավել մասշտաբային գործողությունների», - ընդգծեց Բադալյանը:

Վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը Լավրովի հայտարարությունը դրական զարգացում է համարում՝ նշելով, որ սա գուցե ցուցիչ է, որ ինչ-որ գործողությունների արդյունքում կհանգուցալուծվի իրավիճակը։

«Դիվանագիտական ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, ավելի ակտիվ աշխատի այս ուղղությամբ, որովհետև մինչ այսօր այդպիսի աշխատանք չենք տեսել, բայց դա Ռուսաստանի պարտավորությունն է, որ ստանձնել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ», - ասաց Գրիգորյանը:

XS
SM
MD
LG