Մատչելիության հղումներ

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով 19 երեխա վերադարձել է Արցախ. Գեղամ Ստեփանյան


Արցախի շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Երեխաները, ըստ ՄԻՊ-ի, Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

«Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքները փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։ Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։

Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ», - մանրամասնել է օմբուդսմենը։

«Այս սադրիչ և հանցավոր գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակված լինելու փաստը և դրանով անվտանգ երթևեկելու անհնարինությունը՝ անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ», - ընդգծել է Ստեփանյանը։

Արդեն մեկ ամսից ավելի է էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Շրջափակման մեջ գտնվող Արցախում հոսանքի խնդիր կա, հովհարային անջատումներ են: Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքում Հայաստանից սնունցվող միակ բարձրավոլտ գիծը վթարվել է, ադրբեջացիները թույլ չեն տալիս մոտենալ տարածքին, վերացնել վթարը, իսկ տեղական հոսանքը 24-ժամյա գրաֆիկի չի ձգում: Երեկ էլ ադրբեջանական կողմը արգելափակել էր Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը, 6-ժամյա դադարից հետո գազամատակարարումը Արցախում վերականգնվել է:

XS
SM
MD
LG