Մատչելիության հղումներ

Արցախից հաստատում են՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է, պայմանավորվածություններ, սակայն, չկան


Արցախից հաստատում են, որ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները նախօրեին Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ինչի մասին այսօր ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա՝ հանդիպմանը ներկա է եղել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Վոլկովը:

Սերգեյ Լավրովը նաև պնդել էր, թե ճանապարհի բացման հարցը շուտով կլուծվի։ Մինչդեռ, Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ որևէ պայմանավորվածություն ձեռք չեն բերել: Նա նաև չմանրամասնեց, թե ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը:

«Ազատություն». - Սերգեյ Լավրովն ասել է, որ հանդիպում է եղել արցախցիների և ադրբեջանցիների միջև՝ Վոլկովի մասնակցությամբ, և հույս է հայտնել, որ առաջիկայում բացվելու է ճանապարհը: Դուք տեղյա՞կ եք՝ երբ է հանդիպումը տեղի ունեցել, ովքեր են մասնակցել, և իսկապես կա պայմանավորվածություն, ինչի արդյունքում ճանապարհը կբացվի:

Արթուր Հարությունյան. - Իմ տեղեկություններով՝ այդտեղ հանդիպումը եղել է երկուշաբթի օրը, որևէ պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա:

«Ազատություն». - Իսկ Լավրովի լավատեսությունը ինչո՞վ է պայմանավորված՝ Ձեր կարծիքով:

Արթուր Հարությունյան. - Չեմ կարող ասել, ամեն դեպքում իր խոսքում չկար այդպիսի բան նշված, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ուղղակի նշվում էր, որ առաջիկայում կհանգուցալուծվի այդ հարցը, այսինքն՝ կոնկրետ պայմանավորվածությունների մասով ես ինչքան որ տեղեկացել եմ տեղեկատվությանը, այնտեղ որևէ պայմանավորվածության մասին խոսք չկա:

«Ազատություն». - Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ Արցախը չի պատրաստվում Ադրբեջանի ներկայացրած այդ պահանջները կատարել:

Արթուր Հարությունյան. - Ես պահանջները չեմ կարող ասել, կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

«Ազատություն». - Մամուլը գրեց, որ ինչ-որ պահանջներ է Ադրբեջանը ներկայացրել Արցախին: Տեղյա՞կ եք այդ պահանջների մասին:

Արթուր Հարությունյան. - Ես այս տեղեկությունը չունեմ:

«Ազատություն». - Պարոն Հարությունյան, իսկ Դուք տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ առաջիկայում կհանգուցալուծվի, ինչպես որ Լավրովն է նշել:

Արթուր Հարությունյան. - Ես չեմ կարող այս պահին այդպիսի տեղեկություն տրամադրել, որովհետև չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը, այսինքն՝ կարող եմ ասել, որ այդ հանդիպմանը որևէ պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա:

Ավելի վաղ՝ երեկ, Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ընդգծել Լաչինի միջանցքով լիարժեք երթևեկության շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության չափանիշների հիման վրա։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 38 օր։

XS
SM
MD
LG