Մատչելիության հղումներ

«Եթե կարողանայինք շուտ բերել, իրան վիրահատեին, 3-4 տարով կյանքը կերկարեր». Արցախի բնակիչ


Այն օրերին, երբ ադրբեջանցիները տոնածառ էին տեղադրում Լաչինի միջանցքում, Մարտունու շրջանի Սոս գյուղում Ալավերդյանների տանը հուսահատ ելքեր էին փնտրում 42-ամյա Մհեր Ալավերդյանին Երևան՝ վիրահատության հասցնելու համար։

«Եթե կարողանայինք շուտ բերեինք, իրան վիրահատեին, 3-4 տարով կյանքը կերկարեր», - ասաց քույրը Անուշ Ալավերդյանը՝ նշելով, - «հիմա եղբայրս ծայրահեղ ծանր վիճակում է»։

Մհեր Ալավերդյանի ավագ որդին՝ Հարութը զոհվել է 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը, իսկ մարմինը հայրը գտել է 6 ամիս անց՝ Մեծամորի դիահերձարանում։ Շատ չանցած տղամարդու գլխուղեղում չարորակ հիվանդություն է ախտորոշվել։ Պետք է վիրահատվեր. - «Ամսի 16-ին պիտի բերեինք Երևան վիրահատության»:

Վիրահատության օրը բնականաբար Երևան չհասան, միջանցքն ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից էին փակել։ Կինը՝ Մերին պատմում է, սկսեցի ելքեր փնտրել ՝ Կարմիր խաչ, Առողջապահության նախարարություն, դեկտեմբերի 29-ին Արցախի առողջապահության նախարարի աջակցությամբ ռուս խաղաղապահների «Ուրալով» ծանր հիվանդի հետ ճամփա է ընկել դեպի Երևան: Ադրբեջանական լրատվամիջոցների այդ օրը տարածած տեսանյութում այդ «Ուրալն» էլ կա՝ վերնագրով՝ «Ճանապարհը բաց է»: Մերին ասում է՝ այսպես կոչված բնապահպանների շղթան անցել են մի քանի կանգառներով:

«Ռուսը բացեց, ասաց՝ «իմ հիվանդն է, ինքն էլ իր կինն է, տանում եմ հիվանդանոց», - պատմեց Մերի Սարգսյանը:

Գորիս, հետո Հայաստանի շտապօգնության մեքենայով Երևան, վիրահատությունը, սակայն, այդպես էլ տեղի չի ունեցել, ուշ էր: Այստեղ էլ ավելի բարդ խնդիր է առաջացել՝ հիվանդին պետք է հետ՝ Մարտունի տանել, իր տուն, իր երեխաների մոտ, իր զոհված որդու գերեզմանին մոտ:

Մհեր Ալավերդյանի քույրը դարձյալ Կարմիր խաչի գրասենյակ է զանգել. - «Մենք Հայաստանից Արցախ ոչ ոքի չենք տեղափոխում, առավել ևս նման հիվանդի, որ ինքը ներսի ստրեսներից ավելի շուտ կյանքին վերջ կտա»: Ասացի՝ «ստրեսները չի էլ գիտակցում, այս պահին կոմայի մեջ է եղբայրս, էդ ի՞նչ եք ասում, եթե դուք չունեք էդ լիազորությունը, լավ, Կարմիր խաչ ինչի՞ եք կոչվում»:​

Կարմիր խաչի արցախյան ներկայացուցչությունից տեղեկացանք՝ իրենք չեն որոշում՝ ում տեղափոխել, առողջապահական գերատեսչությունն է անուններ փոխանցում:

Ի վերջո՝ Մհերի կինը դարձյալ Արցախի առողջապահության նախարարին է զանգել. - «Զանգեցի նախարարին, ասացի՝ «խնդրում եմ՝ ուզում եմ հիվանդին հետ բերեմ», ասաց՝ «տեսնենք ինչ ենք անում»:​

Հիվանդի հետ Գորիսում սպասել են ու հունվարի 10-ին ռուս խաղաղապահների «Ուազով» երկու ռուս բուժակների հետ ճամփա ընկել: Լաչինի միջանցքում ադրբեջանցի ակտիվիստներից բացի, զինված ադրբեջանցի զինվորներ են՝ որ ծանր հիվանդին տեղափոխող «Ուազը» անընդհատ ստուգել են:

«2 ժամից ավելի կանգնել են ադրբեջանցիների կետում, թույլ չէին տալիս, պատճառաբանելով՝ հարցումներ են անում, իրենց մոտից թույլտվություններ են հարցնում, իրենց մոտի ցուցակում, թե էդ ինչ ցուցակ է, ով է տալիս, չգիտեմ, չկա եղբորս ազգանունը»​, - պատմեց Անուշը:


Թույլ չեն տվել դեղորայքից բացի, նույնիսկ հիվանդին անհրաժեշտ սնունդ տանել. - «Ադրբեջանցիները այսպես թե այնպես ստուգում են մեքենաները իրենց անցակետում՝ ում եք տեղափոխում, ինչ եք տեղափոխում, բացարձակ ասաց՝ «ոչ մի սնունդ, ոչ մի տոպրակ, այլապես ձեր հիվանդին ուղիղ Շուշի ենք տանելու», մենք էլ ասացինք՝ մեր հիվանդին տուն հասցրեք»:​

Իսկ ադրբեջանական եթերում ռուսական «Ուազը» դարձյալ նույն՝ «Ճանապարհը բաց է» վերնագրով է: Մհեր Ալավերդյանը հետախույզ էր, երբ առողջ էր: Կինը, քույրը չեն կասկածում ՝ գլխուղեղի հիվանդությունը բույն դրեց 6 ամիս շարունակ դիահերձարաններով հարյուրավոր մարմինների միջից որդուն որոնելուց հետո, տեսնում էինք, որ մարդը ֆիզիկապես ու հոգեպես քանդվում է, ասում է Մհերի քույրը:

«Երբ որ տղայի մարմինն արդեն ճանաչեց, եկավ ասաց՝ «քուր, գիտես, ես իմ ձեռքով շորերը առել եմ հագցրել, կոշիկներ», ասացի՝ «բա ոտքերը տեղն էր», ասաց՝ «ինչ կապ ունի, ես պատկերացրել եմ, որ էդ ոտքն է ու կոշիկները դրել եմ», ու ասաց՝ «քունս փախել է, ես չեմ կարողանում քնել»:

Մհեր Ալավերդյանը հիմա ցավազրկողներով է ապրում՝ Արցախի Սոս գյուղի հովհարային անջատման պատճառով հոսանքազրկված իր տանն է։

XS
SM
MD
LG