«Զգոն լինել տոնին նախորդող օրերին»
Օգոստոսի 22-ին լրանում է Ուկրաինա ռուսների ներխուժման 180-րդ օրը: Արդեն մոտ կես տարի է տևում այս արյունալի պատերազմը:
Դրա հավանական ելքը մարտական գործողությունների առաջին շրջանում քչերն էին կասկածի տակ առնում: Կրեմլին առավել նվիրված հրապարակախոսները հավատում էին, որ այսպես կոչված «հատուկ ռազմական օպերացիան» կտևի մի քանի օր, առավելագույնը մեկ-երկու շաբաթ, բայց այդ հաշվարկները չիրականացան:
Ուկրաինան օգոստոսի 24-ին պատրաստվում է նշել Անկախության օրը:
Կիևում ցուցադրում են զավթված և ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկան, ավելի ճիշտ՝ այրված բեկորները:
Նախագահ Զելենսկին անցած շաբաթավերջին ասել է, թե այս տոնին նախորդող օրերին հարկ է առավել զգոն լինել:
«Ռուսաստանը կարող է անել մի հատկապես նողկալի, հատկապես դաժան բան: Այդպիսին է մեր թշնամին: Այս վեց ամիսների ընթացքում Ռուսաստանը միշտ է արել զզվելի ու դաժան արարքներ: Նրա հիմնական նպատակներից մեկն է մեզ՝ ուկրաինացիներիս, նվաստացնել, մեր շրջանում վախ ու հուսահատություն տարածել, ուստի հիմա առավել կարևոր է նույնիսկ մեկ րոպեով տեղի չտալ թշնամու ճնշումներին»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինական ավանների հրետակոծումը շարունակվում է
180-րդ օրը ռուսները հուժկու հրետակոծության են ենթարկել ուկրաինական թիրախները: Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոյի փոխանցմամբ, միայն Նիկոպոլ քաղաք «Գրադի» 42 արկ է հասել, տուժել են մի քանի տարեցներ, 2 հազար մարդ զրկվել է էլեկտրականությունից:
Կրիվորոժսկի շրջանին ռուսները հարվածել են «ուրագաններով»: Սինելնիկովսկի շրջանում հրթիռակոծությունից ավերվել են գյուղհիմնարկի, դպրոցի և մշակույթի տան շենքերը:
Բացի այդ, հերթական անգամ հրետակոծվել է Խարկովը, Դոնեցկի շրջանում էլ հրետակոծվել է Կոնստանտինովկա գյուղի դպրոցի շենքը, տուժածներ չկան:
Ռուսների թիրախը նաև ամերիկյան զենքն է
Ռուսները երեկ հայտնել են, թե Օդեսայի շրջանում ոչնչացրել են HIMARS ամերիկյան համակարգերի հրթիռների պահեստ, իսկ Խերսոնի շրջանում ոչնչացրել են ամերիկյան արտադրության M777 տեսակի երկու հաուբից:
Բացի այդ, ըստ Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովի, ռուսական ուժերը պայթեցրել են Ուկրաինայի 102-րդ տարածքային պաշտպանության բրիգադի վառելիքի պահեստը:
Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբն, իր հերթին, պնդում է, որ ուկրաինացիները հաջողությամբ ետ են մղել ռուսների գրոհները Սկլովյանսկի, Բախմուտի և Ավդեևկայի շրջաններում:
«Ռուսների մոտ ռազմակադրային ճգնաժամ է»
Վերջին ժամանակաշրջանում ռուսները գործնականում առաջ չեն շարժվում: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի համոզմամբ, նրանց մոտ կադրերի հարց կա, հետևաբար, հավանական է, որ Մոսկվայում կսկսեն խոսել բանակցությունների հնարավորության մասին:
«Ռուսաստանում լուրջ ռազմակադրային ճգնաժամ է սկսվում, մոբիլիզացիա հայտարարել չի լինի՝ անհարմար վիճակ կստեղծվի, իսկ կամավորներին դժվարությամբ են գտնում, սկսել են Ուկրաինա տանել պարտքեր ունեցողներին, դատվածներին և նման մարդկանց, ուրեմն բանակցությունները չեն բացառվում»,- Թվիթերում գրել է Պոդոլյակը:
Պատերազմի հետազոտությունների ամերիկյան կենտրոնի վերլուծաբանների համոզմամբ, ռուսները չեն կարողացել օգտվել Բախմուտի և Ավդեևկայի բնակավայրերի մոտ առաջին շրջանում գրանցած նվաճումներից, և դա վկայում է Ռուսաստանի բանակի հիմնական թերության՝ տակտիկական հաջողությունն օպերատիվ հաջողության վերածելու անկարողության մասին:
Դրանով է բացատրվում Ուկրաինայի արևելքում ռուսական ուժերի այդ անսպասելի դանդաղկոտությունը: Ամերիկյան վերլուծական կենտրոնը ենթադրում է, որ եթե ինչ-ինչ արտառոց զարգացումներ չլինեն, ռուսներն առաջիկա ամիսների ընթացքում Ուկրաինայում նոր տարածքներ չեն կարողանա զավթել:
Երկու կողմից զոհվել են տասնյակ հազարավոր զինծառայողներեր
Կես տարվա պատերազմում քանի՞ զինծառայող է կորցրել Ուկրաինան: Այսօր ուկրաինական ուժերի հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին ասել է, թե մոտավոր հաշվարկներով կորուստների թիվը 9 հազար է:
Ռուսները վերջին անգամ մարտի 25-ին են հրապարակել իրենց կորուստների թիվը, հայտնելով, որ պատերազմում զոհվել է 1351 զինծառայող: Ուկրաինացիները պնդում են, թե ռուսները մոտ 45 հազար մարդ են կորցրել:
Անկախ աղբյուրները չեն կարող հաստատել ոչ ռուսական և ոչ էլ ուկրաինական վիճակագրության արժանահավատությունը: Արևմտյան փորձագետների համոզմամբ, ռուսների զոհերի թիվը կարող է գերազանցել 15 հազարը: