Սակիի օդակայանում օգոստոսի 9-ին տեղի ունեցած հուժկու պայթյունները ոչնչացրել կամ շարքից հանել են Ռուսաստանի Սևծովյան ռազմական նավատորմի օդուժի ավելի քան կեսը:
Այդ մասին Reuters լրատվական գործակալությանը երեկ հայտնել է մի բարձրաստիճան պաշտոնատար անձ Եվրոպայի քաղաքական շրջանակներից:
Նա ասել է, որ օգոստոսի 9-ից հետո Ռուսաստանը լուրջ բարդություններ կունենա զավթված Ղրիմի տարածքից Ուկրաինայի սևծովյան քաղաքներին, մասնավորապես, Օդեսային, սպառնալու հարցում:
Այդ անանուն պաշտոնյայի փոխանցմամբ, «հարվածներ հասցնելով թիկունքում Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքներին՝ Ուկրաինան հասնում է «կուտակային արդյունքի», քանի որ ոչ միայն թուլացնում է ռուսական ստորաբաժանումների մատակարարումն, այլև հոգեբանական ծանր ազդեցություն է գործում թե՛ զինվորների և թե՛ իշխանությունների վրա»:
«Եվրոպական պաշտոնական շրջանակներում անանուն աղբյուր» եզրույթը, որպես կանոն, կիրառվում է արևմտյան երկրների հետախուզական ծառայությունների կամ հատուկ այլ կառույցների աշխատակիցներին վկայակոչելու դեպքում:
Ավելի վաղ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նշել է, թե Նովոֆյոդորովկայի մոտ տեղի ունեցած պայթյունները ոչնչացրել են առնվազն հինգ Су-24 տեսակի և երեք Су-30 տեսակի ռմբակոծիչներ: