Մատչելիության հղումներ

Շոյգու. «Հատուկ ռազմական օպերացիայի որոշումն ընդունվել է ի պատասխան անվտանգության անընդունելի սպառնալիքի»


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայի մարզում գումարված Հակաֆաշիստական միջազգային առաջին համագումարի նիստում ասել է, թե «հատուկ ռազմական գործողություն» իրականացնելու որոշումն ընդունվել է ի պատասխան անվտանգության անընդունելի սպառնալիքների, որոնք առաջացել են Ուկրաինայի իշխանությունների քաղաքականության հետևանքով:

«Ութ տարվա ընթացքում Կիևի ռեժիմը Դոնբասի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների նկատմամբ աղաղակող հանցանքներ է կատարել, զոհվել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Միաժամանակ սկսվել է ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի տարածքի յուրացումը: Կիևն ընտրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը: Այդ ամենն անընդունելի սպառնալիքներ է ստեղծել Ռուսաստանի անվտանգության համար»,- ասել է Շոյգուն:

Նրա խոսքով, գերագույն գլխավոր հրամանատարը կայացրել է միակ ճիշտ որոշումը, երբ արձակել է «հատուկ ռազմական օպերացիան» սկսելու հրամանը:

«Դրա նպատակն է ցեղասպանությունից պաշտպանել Դոնբասի բնակիչներին»,- ասել է Շոյգուն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարի փոխանցմամբ, Ուկրաինայի զինված ուժերն անմարդկային մարտավարություն են իրականացնում, դիրքավորվում են բնակելի թաղամասերում և մարդկանց կենդանի վահան են դարձնում, նահանջելուց էլ ոչնչացնում են ամեն ինչ:

«Այդպես են արել նաև գերմանացի նացիստները Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Մասամբ դա բացատրվում է ուկրաինական բանակի կազմով: Հակասահմանադրական հեղաշրջումից հետո ստեղծվել են նոր կառույցներ՝ «ազգային գումարտակներ», որոնք առաջնորդվում են նեոնացիզմի և բոլոր ոչ ուկրաինացիների նկատմամբ ռասայական անհանդուրժողականության գաղափարներով»,- պնդել է Սերգեյ Շոյգուն:

ՄԱԿ-ը հուլիսին հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան հինգ հազար խաղաղ բնակիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG