Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, թե ուկրաինական կողմը թունավոր նյութ է կիրառել Զապորոժիեի շրջանում իրենց խնդիրները կատարող ռուսաստանցի զինծառայողների նկատմամբ:
Ըստ նախարարության, «զինծառայողները թունավորման նախանշաններով տեղափոխվել է հոսպիտալ»:
«Դոնբասում և այլ շրջաններում ռազմական պարտություններ կրելու պայմաններում Զելենսկու ռեժիմն արտոնել է քիմիական թունավոր նյութերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումները ռուսաստանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների վրա»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության, դա տեղի է ունեցել հուլիսի 31-ին Զապորոժիեի շրջանի Վասիլևկա գյուղի մոտ, որտեղից մի խումբ ռուսաստանցի զինծառայողների՝ «սուր թունավորում» ախտանշանով շտապ տեղափոխել են հոսպիտալ:
«Ստուգումների ընթացքում զինծառայողների օրգանիզմում հայտնաբերվել է թունավոր նյութ՝ «Բ» տեսակի բոտուլոտոքսին: Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական բժշկության գիտահետազոտական գլխավոր ինստիտուտի մասնագետները լրացուցիչ հետազոտություններ են անցկացրել և միանշանակ հաստատել, որ հայտնաբերված թունավոր նյութը՝ «Բ» տեսակի արհեստական ծագման բոտուլոտոքսին է»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:
Անկախ աղբյուրները չունեն ռուսական կողմի այդ հաղորդագրության արժանահավատությունը ստուգելու հնարավորություն:
Օրեր առաջ Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, թե հետախուզության տվյալներով, ռուսական կողմը Զապորոժիեի շրջանում «խոշոր սադրանք է ծրագրում, որը կարող է հետագայում օգտագործվել ռազմական կացությունը սրելու, ինչպես նաև Զապորոժիեի ատոմակայանն ուկրաինական էներգացանցից անջատելու և ռուսականին միացնելու համար»: