Ռուսաստանի Խանտի-Մանսիական ինքնավար շրջանից Դաշնության խորհրդի անդամ ընտրված Էդուարդ Իսակովը հարազատ դստերը՝ Դիանային անվանել է «դավաճան», ասելով, թե «նա ծախել է հորը, ընտանիքը և Հայրենիքը»:
Սենատորն այդպիսի հայտարարություն է հրապարակել այն բանից հետո, երբ Դիանա Իսակովան BBC ռադիոկայանին և «Մեդուզա» կայքին տված հարցազրույցում ասել է, թե դատապարտել է Ուկրաինայի դեմ Կրեմլի նախաձեռնած պատերազմը և վերջերս հեռացել է Ռուսաստանից:
Սենատորն ասել է, թե երբ իմացել է «հատուկ ռազմական գործողության» նկատմամբ դստեր վերաբերմունքի մասին, փորձել է հետը զրուցել, բացատրել այդ «օպերացիայի» անհրաժեշտությունը, առաջարկել է միասին այցելել «խորհրդային ժողովրդի ռազմական փառքի վայրեր», բայց այդ ամենը Դիանայի կողմից մերժվել է:
Էդուարդ Իսակովն ասել է, թե Դիանան իր դուստրն է առաջին ամուսնությունից, և նա Դիանայի դաստիարակությամբ չի զբաղվել: Նա պնդել է, թե աղջիկը հոգեկան հիվանդ է և ներկայանում է որպես ԼԳԲՏ համայնքի աջակից:
«Այն պահից, երբ ես իմացա, որ նա հակառուսական դիրք է գրավել, ես նրա հետ չեմ շփվում, նյութապես չեմ օգնում, կացարան չեմ տրամադրում»,- ասել է Էդուարդ Իսակովը:
Դիանա Իսակովան BBC-ի և «Մեդուզայի» հետ զրույցում խոստովանել է, որ մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել, քանի որ «ծանր կոնֆիկտներ է ունեցել հոր հետ, ով դաժան դաստիարակության մեթոդներ է կիրառել»:
Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը և Կանադան պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի դեմ պատերազմն աջակցող սենատոր Իսակովի նկատմամբ:
Մարտ ամսին 25-ամյա Դիանա Իսակովան Սոչիում մասնակցել է պատերազմի դեմ փոքրիկ ցույցին և ձերբակալվել է: Իսակովն այդ մասին տեղեկացել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից, ով հորդորել է նրան «բացատրական աշխատանք անցկացնել դստեր հետ»:
«Նա վերջին զրույցի ավարտին ասել է, թե իրեն իմ հայրն այլևս չի համարում»,- նշել է Դիանան BBC-ի և «Մեդուզա»-ի հետ զրույցում: