Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները կոչ են անում կազմակերպել ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Զապորոժիեի ատոմակայան


Զապորոժիեի ատոմակայանը
Զապորոժիեի ատոմակայանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ են արել ռազմական զսպվածություն ցուցաբերել Զապորոզժիեի ատոմակայանի տարածքում և կազմակերպել Ատոմային էներգիայի միջազգայաին գործակալության (ՄԱԳԱՏԷ) աշխատակիցների շուտափույթ այցը կայան։ Այս մասին ասված է հեռախոսազրույցներին հաջորդած բրիտանական կողմի հայտարարությունում։

«Կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են Ուկրաինային աջակցելու իրենց անսասան հանձնառությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Զապորոզժիեի ատոմակայանը ռուսական բանակի կողմից օկուպացված է մարտից։ Ռազմական տեխնիկան կանգնած է հենց ռեակտորի շարժիչների սրահներում։ Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրում են ատոմակայանի գնդակոծման և սադրանքների մեջ։ Մի քանի ամիս է, ինչ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները չեն կարողանում համակարգել իրենց այցը Եվրոպայի ամենամեծ ատոմակայան։

Օգոստոսի 16-ին հայտնի դարձավ ատոմակայան ՄԱԳԱՏԷ-ի երկրորդ առաքելության նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին։ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի խոսքով, նախապատրաստական աշխատանքները դեռ դանդաղ են ընթանում գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի արձակուրդի պատճառով։ Ավելի վաղ Գրոսին պատրաստակամություն էր հայտնել անձամբ գլխավորել պատվիրակությունը։

ՄԱԿ-ը հայտարարել էր, որ պատրաստ է ապահովել կազմակերպության պատվիրակության այցը կայան ուկրաինական վերահսկողության տակ գտնվող տարածքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի համաձայնությամբ։ ՌԴ արտգործնախարարությունն արձագանքել է՝ ընդգծելով, որ անվտանգ չէ առաքելությունը Ուկրաինայի վերահսկողության տակ տարածքով իրականացնելը, քանի որ Կիևից ատոմակայան տանող ճանապարհն անցնում է տարածքով, որտեղ մարտեր են ընթանում։ ՄԱԿ-ն ավելի վաղ առաջարկել էր ապառազմականացված գոտի ստեղծել ատոմակայանի շուրջը, ռուսական կողմն առաջարկը մերժել է՝ պնդելով թե ռուս զինվորականներն այնտեղ ապահովում են կայանի անվտանգ աշխատանքը։

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության լրագրողները հարցազրույց են տեսագրել ատոմակայանի նախկին աշխատակցի հետ։ Տղամարդը պատմում է, որ երեք ու կես ամիս աշխատել է ռուսների կողմից զավթված ատոմակայանում, բայց հետո որոշել է մեկնել Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածք։

«Աշխատում էի ատոմակայանում, հերթապահ էլեկտրիկ էի, հսկում էի ագրեգատի տեխնիկան։ Աշխատել եմ ավելի քան տասը տարի։ Իրավիճակն ինձ ստիպեց ընտանիքիս պատճառով թողնել աշխատանքս ու հեռանալ, քանի որ այնտեղ ամեն ինչ գրավվել էին ռուս զինվորները։ Նրանք լկտիաբար ներս մտան, մի քանի անգամ կրակեցին, ավերեցին ամենատարբեր շինություններ, մի քանի հոգու սպանեցին» - ասել է նա։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր միջագզային օրակարգ մտավ միջուկային անվտանգության հարցը։ Եվ խոսքը ոչ միայն Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում անվտանգության կանոնների խախտման, ատոմակայանի տարածքը ռմբակոծելու մասին է։ Կա մտավախություն, որ ինչ-որ պահի ռուսական ղեկավարությունը կարող է նաև միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում շեշտել է, թե «ժամանակակից տուրբուլենտ պայմաններում միջուկային ռիսկերը շատ էական են». - «ՆԱՏՕ-ի կողմից մեր կարմիր գծերը անտեսելու և Ուկրաինայում Ռուսաստանի հետ առճակատման մեջ ներքաշվելու կուրսը չափազանց ռիսկային է։ Ակնհայտ է, որ դա հղի է հետագա էսկալացիայով, ընդհուպ մինչև միջուկային տերությունների ռազմական բախում, որը կհանգեցնի սարսափելի հետևանքների»։

Ռյաբկովը մանրամասնել է, որ Ռուսաստանը տեսականորեն միջուկայաին զենք կարող է օգտագործել ի պատասխան իր դեմ միջուկային հարձակման և ի պատասխան «պետության գոյությանը վտանգ սպառնացող սովորական զենքի օգտագործմամբ ագրեսիայի»։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մինչդեռ անցած շաբաթ պնդում էր, որ ռազմական տեսանկյունից Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG