Մատչելիության հղումներ

Երևանը «պատրաստ է և' խաղաղության պայմանագրի կնքմանը, և' կոմունիկացիաների վերաբացմանը»


Հայաստանը պատրաստ է և՛ խաղաղության պայմանգրի կնքմանը, և՛ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացմանը, երեկ «Ազատության» հետ զրույցում վերահաստատեց Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Բաքուն բազմիցս հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է և իրենք 30-ամյա հակամարտությունը լուծել են ռազմաքաղաքական միջոցներով:

Անկախ նրանից, թե ինչ է հայտարարում Ադրբեջանը Ղարաբաղի գոյության կամ չգոյությա մասին, կա միջազգային կոնսենսուս, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն ունի, Լեռնային Ղարաբաղում ապրում են հայեր, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներ և անվտանգության հարց, հետևաբար գոյություն ունի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց, «Ազատության» հետ զրույցում շեշտեց Ռուբինյանը։

Վերջին առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում խոչընդոտներ է ստեղծում հենց Ադրբեջանը՝ շեշտելով՝ Բաքուն նոր պատերազմի լեգիտիմությունն է փորձում ձևավորել։

Արդյո՞ք սա չի նշանակում, որ իշխանության նախընտրական հիմնական օրակարգը՝ խաղաղության ծրագիրը տապալված է։ Ռուբինյանը չհամաձայնեց՝ «ոչ չի նշանակում»՝ պարզաբանելով՝ ինչպես գնացել են խաղաղություն կառուցելու ուղղությամբ, այնպես էլ գնում են խաղաղություն կառուցելու ուղղությամբ։

«Բայց խաղաղությունը միակողմանի գոծողություն չէ, խաղաղության հաստատումը ենթադրում է այդ խաղաղության հասնող բոլոր կողմերի համաձայնություն խաղաղության շուրջ, և մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ խաղաղությունը լինի՝ բնականաբար, հաշվի առնելով մեր կենսական շահերը», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե ինչո՞ւ չեն ասում, որ բացառում են բանակցային որևէ ելք՝ Արցախն Ադրբեջանի կազմում, Ռուբինյանը շեշտեց՝ իրենք ոչ թե Ղարաբաղի ժողովրդի իրավունքները բխեցնում են կարգավիճակից, այլ Ղարաբաղի ժողովուրդների իրավունքներից և անվտանգության ապահովման հրամայականից են բխեցնում կարգավիճակի հարցը։

«Միջազգային քաղաքականությունը շուտասելուկների մրցույթ չէ, դու ասում ես ինչ-որ բաներ, երբ որ հարկ ես համարում ասել, երբ որ հաշվարկել ես, որ այդ բանն ասելը քեզ օգուտ է բերելու, եթե իրենք այդպես են պատկերացնում արտաքին քաղաքականությունը՝ շուտասելուկներով, ապա զարմանալի չէ, թե ինչու ենք մենք հայտնվել այս վիճակում իրենց կառավարման տասնամյակների ընթացքում։ Եթե իրենք կողմնակից էին այդ պնդմանը, բա ինչո՞ւ իրենց կառավարման տարիներին չէին ճանաչում Արցախի անկախությունը։ Մի՞թե նշանակում է այն փաստը, որ իրենք տեղ էին թողնում չանկախության», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Ռուբինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG