Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և մի շարք երկրների կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի համար։
«Ադրբեջանը ռազմաքաղաքական միջոցներով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա, մենք նրան հրաժեշտ ենք տվել։ Իսկ Հայաստանը և մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել, բայց դա անհնար է, այն մեռած է», - այսօր Բաքվում ելույթ ունենալով Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի համաժողովի բացմանը՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
Ալիևը պնդել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած հետագա շահարկում ոչ միայն հակաարդյունավետ է, այլև՝ կործանարար տարածաշրջանում հնարավոր խաղաղության համար։
Նախօրեին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը «Ազատությանը» փոխանցեց, որ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահն է Պետդեպարտամենտի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոչլան։ ԱՄՆ Պետքարտուղարությունն անցած օրերին տեղեկացրել է, որ նա զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: