«Նիկոլ Փաշինյանի ասածը, ըստ էության, այն էր, որ իր ամբողջ քաղաքականությունը ձախողվել է», - «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով վարչապետի երեկվա առցանց ասուլիսում արած հայտարարություններին` ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը:
Վերջինս լավատեսություն չունի Արցախի ապագայի հարցում», ինչպես ինքը նշեց, գործող «իշխանությունների դեպքում»:
Հարցազրույցից հատվածներ ստորև.
Արմեն Բաղդասարյան. - Նիկոլ Փաշինյանի ասածը, ըստ էության, այն էր, որ իր ամբողջ քաղաքականությունը ձախողվել է, սրա մասին էր ինքն ասում, այսինքն` ինքը ցանկացած զիջում, ամեն բան զիջել է, ինչ ուզել են, մի բան էլ ավելի, բայց արդյունքում խաղաղության դարաշարջանը բացելու ոչ մի երաշխիք չկա, ավելին` ինքն ասում է, որ պատրանքներ պետք չի ունենալ` Ադրբեջանը նոր պատերազմ է նախապատրաստում: Այստեղ ամենացավալին, ամենատարօրինակն, իմ պատկերացմամբ, այն է, որ Նիկոլ Փաշինյանի ասածների և արարքների միջև խորը հակասություն կա:
Տեսեք, ինքն ասում է` պատրանքներ չունենանք, Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, ու միաժամանակ ասում է` մենք համառորեն շարունակելու ենք գնալ խաղաղության ճանապարհով, այսինքն` մենք շարունակելու ենք գնալ պատրանքների ճանապարհով: Այդպես չի լինում, մյուս կողմից էլ` գուցե ինչ-որ դիվանագիտական հնարք է, բայց եթե մարդը հստակ ասում է, որ պատերազմ է լինելու, համարյա անխուսափելի, միաժամանակ մենք չունենք Գլխավոր շտաբի պետ, անընդհատ քարոզչությամբ բանակի վարկանիշն է իջեցվում, անընդհատ ինչ-որ լրտեսների մասին է խոսվում, հասարակությունը բաժանված է սև ու սպիտակների, դիրքերը կահավորված չեն, այսինքն` այնպիսի տպավորություն չէ, թե մենք պատրաստվում ենք պատերազմի, մինչդեռ պետության ղեկավարն ասում է, որ այո, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Այս խոսքի և գործի հակասությունն է անհասկանալի:
«Ազատություն». - Դուք համաձա՞յն եք, որ իսկապես Բաքուն նոր պատերազմի, ինչպես Փաշինյանի ձևակերպեց, լեգիտիմությունն է փորձում ձևավորել:
Արմեն Բաղդասարյան. - Դա ես չհասկացա` լեգիտիմությունը, ասեմ` ինչու, նախ ինչ լեգիտիմության մասին է խոսում:
«Ազատություն». - Որ Երևանը չի ուզում խաղաղություն, ուրեմն կանենք դա ուժով:
Արմեն Բաղդասարյան. - Ենթադրենք` չի ուզում, մի՞թե դա Ադրբեջանին լեգիտիմ իրավունք է տալիս պատերազմ սկսել: Իհարկե, ոչ: Անգամ 44-օրյա պատերազմը լեգիտիմ չէր, որովհետև համանախագահները 25 տարի շարունակ ասում էին չէ՞, անընդունելի է ռազմական միջոցով խնդրի կարգավորումը: Հետո Ադրբեջանը ռազմական ճանապարհով խնդիրը կարգավորեց, և համանախագահներից որևէ մեկը չդատապարտեց դա, չասաց, որ դա անընդունելի էր չէ՞, չասաց, որ այդ պատերազմի արդյունքները չենք ընդունել:
«Ազատություն». - Այսինքն` մարսեց Բաքուն դա:
Արմեն Բաղդասարյան. - Այո, թեև լեգիտիմ չէր: Հիմա այս դեպքում, էլի եմ ասում, լեգիտիմության մասին խոսք լինել չի կարող, եթե անգամ բանակցությունները հենց վաղը ձախողվեն, ձախողվեցին և ի՞նչ: Առավել ևս, որ իրականում Ադրբեջանն է անընդհատ խախտում նույն նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, օրինակ` մեր ռազմագերիները դեռևս Ադրբեջանում են, ադրբեջանական զորքը տարուց ավելի գտնվում է մեր տարածքում և այլն:
«Ազատություն». - Հիմա կարգավիճակի մասին. ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում Երևանի այս նոր մարտավարությունը` խոսել արցախահայերի իրավունքներից, որը պիտի հանգեցնի կարգավիճակի և ոչ ինչպես նախորդ երկու տասնամյակում խոսել կարգավիճակից և ինքնորոշման իրավունքից:
Արմեն Բաղդասարյան. - Ըստ էության, դա բառախաղ է, հստակ պրոբլեմը դա չէ, այստեղ պրոբլեմն այն է, որ Հայաստանի վարչապետը խոսում է նշաձողի իջեցմասն մասին, և որևէ մեկը նրան չի հարցնում` հարգելի՛ս, իսկ դու ի՞նչ գործ ունես այդ նշաձողի հետ. չէ՞ որ եթե պետք է, նա հայտարարում է, որ արցախահայությունն իրեն ձայն չի տվել, իրեն չի երաշխավորել, իր ընտրողները չեն, ավելին` ամբողջ բանակցային գործընթացում` նախորդ տարիներին, միշտ և համանախագահներն էլ են ֆիքսել, և բոլոր միջնորդները ֆիքսել են, որ բանակցությունների ինչ-որ փուլում, երբ հարցը կվերաբերի Արցախի կարգավիճակին, դրան պիտի մասնակցի նաև Արցախն անպայման: Ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին հայտարարել նույն բանը:
«Ազատություն». - Դուք լավատե՞ս եք Արցախի ապագայի հարցում:
Արմեն Բաղդասարյան. - Ո՛չ, ես լավատես չեմ Արցախի ապագայի հարցում այս իշխանությունների դեպքում, որովհետև այս իշխանությունները, իմ պատկերացմամբ, վերջնականապես հրաժարվել են Արցախից, և ամենացավալին` անգամ դրանից հետո խաղաղության դարաշրջան բացելու որևէ երաշխիք չունեն: Ես ինչո՞ւ եմ ասում` հրաժարվել են Արցախից, որովետև իմ պատկերացմամբ` այս իշխանությունների դիրքորոշումը հետևյալն է` եթե Ռուսաստանին է պետք, որ այնտեղ հայեր ապրեն, ուրեմն թող բարի լինի, Ռուսաստանն էլ ինքը ապահովի դա, ինչպես ուզում է, իսկ մենք մեր ձեռքերը լվանում ենք: Սա, կարծում եմ, անընդունելի է, որովհետև Ռուսաստանն այնտեղ իր ռազմական ներկայությունը պահպանելու է իր շահերից ելնելով և ոչ թե մեր շահերից ելնելով և դա օգտագործելու է որպես լծակ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա ազդելու, ու քանի որ Ադրբեջանի հետ շատ ավելի լուրջ, առարկայական շահեր կան, կարծում եմ, որ այդ ներկայությունն ավելի շատ Ադրբեջանի հետ հարաբերություններին է վերաբերելու մեր հաշվին:
«Ազատություն». - Այլ խոսքով` Ադրբեջանի կազմում, ուղղակի հայերի անվտանգությունը ապահովելով:
Ալբերտ Բաղդասարյան. - Ինչպես խորհրդային տարիներին էր: