Մատչելիության հղումներ

«Մենք ո՞ւր ենք գնում». Աղավոյի բնակչները համաձայն չեն գյուղը լքելու և Հին Շեն կամ Մեծ Շեն տեղափոխվելու տարբերակին


Արցախի Աղավո գյուղի բնակչուհի Կարինե Ռասոյանն ասում է՝ իրենք համաձայն չեն իրենց գյուղը լքելու և Հին Շեն կամ Մեծ Շեն տեղափոխվելու տարբերակին:

«Տեղյակ էլ չեմ էդ գյուղերը որտեղ են ընկնում, չգիտեմ՝ ով ա հայտարարել, որ նման բան կա, մենք էլ ջղայնացել ենք, ասում ենք՝ մեր գյուղը կա, կանգուն ա, մենք ո՞ւր ենք գնում: Չի եղել՝ ինչ-որ մեկը գա մեզ հետ զրույց անի տեղափոխվելու, գյուղը լքելու մասին», - ասաց Ռասոյանը:

Նման հնարավորության մասին օրերս կայացած քննարկման ժամանակ հայտնել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Աղավնոյի, Սուսի և Բերձորի ճակատագրի մասին քննարկում սկսվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, երբ նա հայտնեց, որ Բերձոր-Լաչինը շրջանցող նոր ճանապարհը շահագործելուց հետո ԼՂԻՄ-ի սահմանից դուրս գտնվող գյուղերը՝ Բերձորը, Աղավնոն ու Սուսը անցնելու են Ադրբեջանին:

Թեև Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը նշում է, որ գյուղերից տարհանելու աշխատանքներ հիմա չեն կատարվում, և դուրս գալու պահանջ կամ տրված վերջնաժամկետ չկա, բայց եթե ի վերջո հարցը հասնի դրան, քննարկվում է Լաչինի միջանցքում գտնվող Աղավնոյի բնակիչներին Շուշիի շրջանի Հին Շեն և Մեծ Շեն համայնքներում տեղավորելու հնարավորությունը:

«Ես որոշակի տեղեկություն ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, եթե ի վերջո այդ ճանապարհի փոփոխությունն արդեն իրականացվի, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին Շեն և Մեծ Շեն համայնքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որոնք գործում են այլ տեղահանված բնակիչների նկատմամբ», - ասել է Ստեփանյանը:

Հին Շշենի և Մեծ Շենի գյուղապետերը տեղյակ չեն Արցախի օմբուդսմենի նշած գաղափարից

Թե՛ Հին Շշենի գյուղապետ Սամվել Սարգսյանը, թե՛ Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը «Ազատության» հետ զրույցում ասացին, որ տեղյակ չեն Արցախի օմբուդսմենի նշած գաղափարից:

«Չէ, մեր հետ նման հարցերով ոչ մի քննարկում չի եղել, տներ չկան, ուղղակի պիտի կառուցվի էլի, եթե նման ծրագիր կա, պիտի կառուցվի: Բայց ես տեղյակ չեմ», - ասաց Դավթյանը:

Արցախի Աղավո գյուղի Գյուղապետ Անդրանիկ Չաուշյանն ասում է՝ իրենց ևս այդ հնարավորության մասին չեն ասել, հավանաբար արդեն գիտեն իրենց տեսակետը:

«Չէ, ո՞վ կարա գա այդ վատ լուրը մեզ հայտնի, չնայած երևի գիտեն մեր կարծիքը, դրա համար եթե իրենք շրջանառության մեջ են դնում էս բաները, էդ լավ չի: Համաձայնության հարց չի էլի, չգիտեմ, էդ տրամադրությունը ունի՞ պետությունը, որ, հա, տալիս ենք: Հիմա Հին Շեն, թե ուրիշ շեն, նույնն ա, տնից տուն տեղափոխվում ես դժվարություններ ես ունենում նույն թաղամասի մեջ, ուր մնաց էդ խաչմերուկը, էդ տարածքը, էդ կարևորությունը..... մենք ամեն ինչ անում ենք, որ նաև մեր իշխանությունն ավելի ոգևորվի, բարձր ոգի ունենա, որ ժողովուրդն առյուծի պես է, դե մենք էլ չենք կարա բանակցություններ փոխենք: Ուզում եմ էդ զիջողական դիրքից զիջեն մի քիչ», - ասաց Չաուշյանը:

Օրերս «Ազատությունն» այցելել էր Աղավնո, որտեղ մոտ 200 բնակիչ է ապրում, նրանք պնդել էին, որ վարչապետի հայտարարությունից հետո էլ չեն պատրաստվում լքել գյուղը։ Դրանից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հայտարարել էր, թե Լաչինի շրջանի Աղավնո գյուղի համար շարունակելու են բանակցել ու պայքարել. - «Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»:

«Նախագահ Արայիկ Հարությունյանն էլ ասել էր, որ դեռ հստակ չի, կպայքարենք, որ մնա այդ ամեն ինչը, դե թող պայքարեն, պայքարելու ձևերն էլ կարծեմ գիտեն, ու մեզ հետ պետք է միասին ինչ պետք է անենք», - ընդգծեց Աղավնոյի գյուղապետը:

Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախը 200 բնակավայր է կորցրել, այդ բնակավայրերից ավելի քան 40 հազար մարդ տեղահանվել է, նրանց միայն մոտ կեսն է վերադարձել Արցախ, մյուսները կա՛մ Հայաստանում են, կա՛մ արտագաղթել են:

XS
SM
MD
LG