Մատչելիության հղումներ

Իշխանությունները հանրությանը նոր զիջումների են նախապատրաստում. Իշխան Սաղաթելյան


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան

Հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները ակտիվացնելով՝ իշխանությունները հանրությանը նոր զիջումների են նախապատրաստում, կարծում են հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները։

«Ադրբեջանը կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել», - օրերս հունական թերթերից մեկի հետ զրույցում, ըստ էության, կրկնելով վարչապետ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսին հայտնած մտահոգությունը, ասել էր արտգործանախարար Արարատ Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել էր՝ երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այստեղ հանրությանն ուղղած ակնհայտ շատաժ է տեսնում. - «Ինչո՞վ են պայմանավորված էդ զիջումները, ինչի՞ մասին է էս պահին խոսվում։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

Մի հանգամանքը դա Բերձորն է, Աղավնո և Սուս գյուղերը, որ այդ այլընտրանքային ճանապարհի հետևանքով ակնհայտորեն հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Երկրորդը պայմանական ռեգիոնալ ապաշրջափակման գործընթացն է, որի շրջանակներում Ադրբեջանը մինչև վերջ փորձում է հասնել միջանցքի գաղափարի իրագործմանը, որին դեռևս գոնե հրապարակային Հայաստանի իշխանությունները դիմադրում են։ Եվ երրորդն արդեն կապված է սահմանագծի տարբեր հատվածներում ադրբեջանական զորքերի կողմից բարենպաստ դիրքեր դուրս գալու այդ հանգամանքով»։

44-օրյա պատերազմից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցեց խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պնդում է՝ Փաշինյանը նախընտրական շրջանում քաղաքացիների համար ականջահաճո հայտարարություներով պարզապես քվե է կորզել։ Իսկ պատերազմի հավանականության մասին նրա ու թիմակիցների հայտարարությունները վկայում են, որ «խաղաղության դարաշրջանը փլուզվել է». - «Հետպատերազմյան երկրում մարդկանց համար շատ գայթակղիչ էր խաղաղության խոստումը, և ինքը նաև քվե է ստացել էդ պատճառով։ Անցել ա մեկ տարի, ասում ա՝ հույս չունենաք ու երաշխիք չկա։ Մենք մի տարի որ ասում ենք խաբում ա էս մարդը, մենք գտնվում ենք հետպատերազմյան իրավիճակում, էդ խաղաղությունը ինչ-որ տեղ նաև կեղծ, արհեստական օրակարգ է, որովհետև խաղաղության կարող ես հասնել միայն այն դեպքում, երբ որ պատրաստ ես պաշտպանել քո երկիրն ու հայրենիքը։ Այսինքն՝ ընտրություններին խոստացել ա Արցախի ինքնորոշում, խաղաղություն, վերարտադրվելուց հետո երկուսից էլ հրաժարվել ա»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին՝ 3 ժամից ավելի ձգված առցանց ասուլիսի ժամանակ մի քանի անգամ խոսեց Ադրբեջանի կողմից պատերազմ սադրելու հավանականության մասին, շեշտեց Ադրբեջանի ոչ կառուցողական լինելը, առաջարկներից ու հանդիպումներից խուսափելը. - «Իմ գնահատականը մեկն է՝ դա արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար»։

Իշխանական պատգամավորները հիմնականում հրաժարվում են մեկնաբանել վարչապետի ու արտգործնախարարի հայտարարությունները։ Կարճ միայն Վիգեն Խաչատրյանը արձագանքեց՝ հակադարձելով , թե իրենք երբեք էլ չեն ասել, որ հեշտ է լիելլու, բայց խաղաղության դարաշրջանը շարունակում է մնալ իրենց օրակարգում. - «Դարաշրջանի հետ կապված դիրքորոշման ժամանակ ասվել ա, որ կարան լինեն բարդություններ, պետք են ամուր ճիղեր, կամք։ Էդ բոլորն ասվել ա, նոր բան չի ասվում։ Ուղղակի ընդդիմադիրները նոր են ընկալել ինչ ա ասվում։ Ոչ մի հակասություն չկա»։

Ընդդիմադիրները ևս պատերազմի հավանականություն տեսնում են։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սաղաթելյանը սակայն նշում է, որ իրենք երբեք հակառակը չեն պնդել և ազնիվ են եղել հանրության հետ։ Իսկ «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը կարևոր է համարում, որ իշխանականների այս հայտարարություններին հաջորդ կոնկրետ նախապատրաստական քայլեր, որը ինքը չի տեսնում։

XS
SM
MD
LG