Ուկրաինայի արևելքում մարտերը շարունակվում են, իսկ արդեն գրավված Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչներին հանգստյան օրերին սկսել են ռուսական անձնագրեր տրամադրել, ինչի մասին հայտնել են Կրեմլի կողմից նշանակված տեղական վարչակազմերի նոր ղեկավարները:
Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը, մասնավորապես, ասել է, թե ավելի քան 70 հազար բնակիչ դիմել է ռուսական անձնագիր ստանալու համար:
Մինչ պատերազմը Ուկրաինայի այս շրջանում ապրում էր ավելի քան 1,6 միլիոն մարդ:
Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, թե անձնագրերի բաժանումը ռուսական քարոզչության մաս է, իսկ Արևմուտքը Մոսկվայի այս որոշումը գնահատում է որպես Ուկրաինայի ժողովրդին հնազանդեցնելու փորձ:
Ռուսական կողմն ավելի վաղ հայտնել էր, թե Զապորոժիեի և Խերսոնի շրջաններն անցնում են ռուսական հեռախոսային կոդի: Բացի այդ, այդ շրջաններում այսուհետ ուկրաինական գրիվնայի հետ միասին հնարավոր կլինի վճարումներ կատարել նաև ռուսական ռուբլով:
Ռուսամետ անջատողականների կողմից վերահսկվող Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչները նույնպես կարող են պարզեցված ձևով ռուսական անձնագրեր ստանալ: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին երեք տարիների ընթացքում ավելի քան 800 հազար մարդ ստացել է նոր անձնագիր:
Հունիսի 8-ին Խերսոնի և Զապորոժիեի՝ Ռուսաստանի կողմից նշանակված վարչակազմերի ներկայացուցիչները հայտարարել էին Ռուսաստանին միանալու վերաբերյալ առաջիկա ամիսներին հանրաքվե անցկացնելու մասին՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի այցից հետո:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե ռուսական անձնագրեր ստացողները «դավաճաններ են, ովքեր փախուստի համար տոմս են ստանում»: Նրա հավաստմամբ՝ ուկրաինական բանակն ազատագրելու է և՛ Զապորոժիեի, և՛ Խերսոնի մարզերը:
Զելենսկին հիշեցրել է, որ մայիսի սկզբին ռուսական կողմն ասում էր, թե շուտով գրավելու է ամբողջ Դոնբասը: Դոնբասը դիմադրում է, իսկ ռուսական կողմը, Ուկրաինայի նախագահի խոսքով, հսկայական կորուստներ է կրում. մոտ 32 հազար ռուսաստանցի, Զելենսկու, պնդմամբ, արդեն զոհվել է այս պատերազմում:
Ռուսական կողմն իր զոհերի մասին տվյալներ արդեն մի քանի ամիս է չի հրապարակում։