Ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում բերելու է Արցախի ոչնչացմանը, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
«Ադրբեջանին բռնակցելու ցանկացած տարբերակ Արցախի համար կլինի ողբերգություն, ցեղասպանություն, նոր պատերազմ», - վստահ է նախարարը:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից, իսկ ամբողջական տարբերակը կարող եք դիտել տեսանյութում.
«Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել»
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը իսկապես շատ փոխկապակցված գործընթացներ են, բայց այնուամենայնիվ, նրանք առանձին գործընթացներ են, հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարարը:
«Բայց դա չի նշանակում, որ այդ հարաբերությունների զարգացումը պետք է անտեսի Արցախի հիմնախնդիրը, կամ Արցախը պետք է այդ հարաբերությունների զարգացմանը կամ բարելավմանը զուգընթաց հայտնվի Ադրբեջանի կազմում: Իհարկե, պաշտոնական Բաքվի հիմնական նպատակներից մեկը սա է, և նա չի թաքցնում սրա մասին», - ասաց Դավիթ Բաբայանը:
Նա շեշտեց` բնականաբար, Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել. «Չի լինելու երբեք, Ադրբեջանին բռնակցելու ցանկացած տարբերակ Արցախի համար կլինի ողբերգություն, ցեղասպանություն, նոր պատերազմ և այլն, իսկ Արցախի կործանումից հետո կկործանվի հայոց պետականությունը, սա միանշանակ է»:
«Մշակութային ինքնավարություն Ադրբեջանում չի կարող լինել»
Արցախի իշխանությունների, հասարակության, բոլորի համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը, դա բարձրաձայնվել է բազմիցս` նախագահի մակարդակով և ոչ միայն, նշեց Դավիթ Բաբայանը:
«Իհարկե, անվտանգությունն ապահովելը ժողովրդի լավ է, կարգավիճակ տալը լավ է, բայց այդ անվտանգությունն ու կարգավիճակը ինչպիսինը պիտի լինեն, այսինքն` Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ չի կարող մեր անվտանգությունն ապահովել, ընդհակառակը` մեր գոյությունը դնելու են հարցականի տակ, պարզ է` ինչ է լինելու` կոտորած, պատերազմ, արյուն, հայաթափում, ցեղասպանություն»:
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ խաղաղության օրակարգի մասին է խոսում Արցախի նախագահը, նաև դիտարկմանը, որ Հայաստանի վարչապետն էլ նշել է, որ Արցախի հարցի կարգավորումը տեսնում է «արցախցին Արցախում ապրելու» իրավունքի շուրջ, արդյոք սա նշանակո՞ւմ է «մշակութային ինքնավարություն», արտգործնախարարը պատասխանեց. «Երբ մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, պետք է հասկանալ, որ խոսքը գնում է նրա մասին, որ Արցախը գերադասում է խաղաղությունը պատերազմին, և մենք ուզում ենք, որ ամեն ինչ խաղաղ կարգավորվի, բայց դա չի նշանակում, որ այդ խաղաղությունը պետք է լինի նա, որ մենք հլու-հնազանդ Ադրբեջանի պահանջներին պետք է ասենք դե լավ, մենք համաձայն ենք Ադրբեջանի կազմում լինելուն, դա չի կարող լինել»:
Մշակութային ինքնավարություն Ադրբեջանում չի կարող լինել, պնդեց Բաբայանը` ընդգծելով. «Մենք անցել ենք այդ ամենը: Ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում բերելու է Արցախի ոչնչացմանը»:
«Այս դարաշրջանում պետք է բացառապես առաջնորդվենք մեր շահերով»
Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե Հայաստանի իշխանությունները բանակցությունների ընթացքի մասին տեղեկացնո՞ւմ են Արցախի իշխանություններին, նա արձագանքեց. «Հանրապետության նախագահը տեղյակ է այդ գործընթացներից, նա ներկայացնում է ԱԽ նիստին, կառավարության նիստին»:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու վերաբերյալ մի քանի օգտատերերի հարցերին, ապա Դավիթ Բաբայանը նախ նշեց, որ միջազգային հանրությունն ինքը խայտաբղետ հասկացություն է:
«Միասնական հավաքական կարծիք այս պարագայում գոյություն չունի, չի կարող գոյություն ունենալ, հատկապես հիմա, երբ միջազգային հարաբերությունները թևակոխել են մերկ աշխարհաքաղաքականության դարաշրջան:
Կան երկրներ, որոնք շատ կուզեին, որ Արցախը գոյություն չունենա առհասարակ, բայց կան երկրներ, որոնց համար կարևորություն ունենք, այս դարաշրջանում պետք է բացառապես առաջնորդվենք մեր շահերով և հասկանանք, որ էմոցիաները միմիայն վնասում են, սառը հաշվարկ, հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմ, որովհետև մեր առջև կանգնած է ամենամեծ խնդիրը` փրկել այն, ինչ մնացել է, փրկում ենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը, որովհետև չի լինի Արցախը, չի լինելու Հայաստանը, ժամանակի հարց է, դրա համար պետք է հասկանանք, որ նշաձող էլ չունենք, որ իջեցնենք, նշաձող էլ չկա իջեցնելու, մենք ունենք կարմիր գիծ: Ի՞նչ է` ընդունենք ինչ-որ երկրների առաջարկ, որոնք իրենց շահերից ելնելով ուզում են, որ Արցախը չլինի կամ լինի Ադրբեջանի կազմում, ընդունե՞նք իրենց մոտեցումը:
Ես չեմ համարում, որ դա ճիշտ է, երբ մեզ կոտորում էին 44 օր, բա ո՞ւր էին է դրանք, հետևաբար կներեք, մենք էլ մեր շահն ունենք, ավելին` մեր շահն արդար է, սուրբ է, որովհետև մենք պետք է փրկենք մեր երկիրը, այլ ոչ թե մտածենք աշխարհաքաղաքական դիվիդենտ շահելու, այս կամ այն երկրի դեմ պայքար իրականացնելու մասին, դրա համար ունենք բոլոր հիմքերը` պաշտպանենք այն, ինչ ունենք:
Նշաձող չունենք իջեցնելու, մենք ունենք կարմիր գծեր և պետք է դրանով առաջնորդվենք և հասկանանք, որ չկա վերադարձ անցյալին», - հայտարարեց Արցախի արտգործնախարարը: