Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ անցկացնող ընդդիմությունը չի պատրաստվում հրաժարվել Արցախի հարցով Փաշինյանի ստորագրած հայտարարություններից և նրա կառավարության նախաձեռնած բանակցություններից: Հայտարարությունները թեև անընդունելի են իրենց համար, բայց արդեն կայացած փաստ են, ասում է Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Նոյեմբերի 9-ի հետ կապված մենք ասել ենք, որ սա կայացած փաստ է, բայց մեր համար անընդունելի։ Գիտե՞ք ինչ, մենք պետք է կանխենք, որպեսզի Նիկոլը էս կապիտուլյացիան հասցնի վերջնական ավարտին», - նշեց դաշնակցական գործիչը՝ շարունակելով․ - «Մենք պատերազմ չենք հրահրելու։ Մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունները չենք դադարեցնելու, ոչ էլ պատերազմ ենք հայտարարելու, բայց էդ բանակցություններին ոչ թե գնալու ենք ասենք՝ «ձեզ ի՞նչ ա պետք», այլ գնալու ենք իրականում պաշտպանենք մեր երկրի շահերը։ Հիմա Դուք կասեք՝ Նիկոլն էլ ա էդպես ասում: Ինքը էդպես չի ասում»։
Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին Արցախը հանձնելու համար և այդ վտանգը կանխելու կարգախոսներով է այժմ բողոքի և անհնազանդության գործողություններ անցկացնում: Բայց ի՞նչ քայլերով և ինչպե՞ս է ընդդիմությունը պատրաստվում կանխել ու չեզոքացնել առկա վտանգները․ - «Կարող ենք չզիջել և խաղաղ զարգանալ։ Կոնկրետ ասեմ՝ արդյունավետ կառավարում, բանակի սպառազինության համալրում, բանակի վերականգնում», - նշեց Սաղաթելյանը։
Բարեփոխումներ, բյուջեի ավելի արդյունավետ ծախսեր և նմանատիպ այլ կետեր կան նաև այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրերում:
Իշխան Սաղաթելյանը կարծում է՝ հիմնական խնդիրն այն է, որ իշխանությունները պարտվողական են տրամադրված, իսկ իրենք՝ ոչ․ - «Խնդիրը նրանում է, որ իրանք չունեն էդ կամքը, չունեն էդ վճռականությունը»։
«Պատիվ ունեմ» խմբակցությունից հանրապետական Հայկ Մամիջանյանը «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսի ընացքում ասաց, որ իշխանափոխությունից հետո իրենց առաջին քայլերից է լինելու Արցախի կարգավիճակի հարցը բանակցային գործընթացից չզատելը:
«Կան բոլոր նախադրյալները, որպեսզի Արցախի կարգավիճակի վերաբերյալ քննարկումները, բանակցությունները որևէ կերպ չզատվեն ընթացքող բանակցային գործընթացից», - պնդեց Մամիջանյանը;
«Պատիվ ունեմ»-ից մեկ այլ հանրապետական Տիգրան Աբրահամյանը մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարեց՝ իրենց հիմնական ծրագիրը մարտունակ և ուժեղ բանակը վերականգնելն է, որ եղել է խաղաղության և անվտանգության երաշխիքը տարածաշրջանում, իսկ այժմ շուրջ երեք ամիս է Հայաստանը գլխավոր շտաբի պետ չունի: Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո, ասում է, բանակ կվերադարձնեն բոլոր այն սպաներին, որ 2018 թվականից հետո բանակից հեռացել են:
«Մենք վերականգնելու ենք մեր զինծառայողների, մեր սպաների, մեր կամավորականի, աշխարհազորայինների մարտունակությունը։ Եվ, կրկնում եմ, այս ամենը մենք անելու ենք ոչ թե նոր պատերազմ սանձազերծելու, այլ պատերազմը կանխելու համար», - վստահեցրեց Աբրահամյանը։
Փաշինյանի թիմի անդամներն, իրենց հերթին, ներկայիս ընդդիմությանն են մեղադրում նրանց իշխանության տարիներին տասնամյակներ շարունակ Հայաստանի զինված ուժերը չզարգացնելու, բանակը թալանելու, բավականաչափ զինատեսակներ ձեռք չբերելու, Արցախի հարցում զիջումներ բանակցելու, սակայն Հայաստանի հանրությանը հակառակ պատկերը ներկայացնելու մեջ:
Ընդդիմությունն ավելի ակտիվ քաղաքական պայքար սկսեց, երբ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ինչպես բանակցային ողջ գործընթացի ընթացքում միջազգային հանրությունը հայկական կողմից ակնկալել է, այնպես էլ հիմա է ակնկալում նշաձողի իջեցում Արցախի կարգավիճակի հարցում և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Մեղավոր եմ, որ 2018-19 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ՝ բոլոր, հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։ Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - Ազգային ժողովում ասաց վարչապետը։
Իշխան Սաղաթելյանը դարձյալ առանց մանրամասնելու հակադարձում է՝ միջազգային հանրությունը հայկական կողմից չի պահանջում նշաձողի իջեցում: Սակայն թե ինչ փաստերի հիման վրա է ընդդիմությունը նման եզրակացության հանգել, ԱԺ դաշնակցական փոխխոսնակը չասաց: «Միջազգային հանրությունը էդպես բան չի ասել, էդ ասում են Ալիևն ու Էրդողանը», - պնդեց նա։
Եթե, օրինակ, Հայաստանում իշխանափոխություն լինի, իսկ Ադրբեջանը պատերազմը վերսկսի, արդյոք ընդդիմությունը պատրա՞ստ է այս սցենարին՝ Իշխան Սաղաթելյանը հարցին հարցով է արձագանքում․ - «Բա որ վաղը էլի հարձակվի, ու Նիկոլը լինի իշխանության, ինչ ե՞նք անելու»։