Մատչելիության հղումներ

«Տոները նաև մեր լավագույն տղաների արյամբ են ներկվել». Լռության րոպե` Արցախում


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի հուշահամալիրում, 9-ը մայիսի, 2022թ.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի հուշահամալիրում, 9-ը մայիսի, 2022թ.

Լռության րոպե Արցախում՝ ի հիշատակ արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմներում ու Մեծ հայրենականում զոհվածների։ Բոլոր մեծ ու փոքր խաչմերուկներում երթևեկը դադարում է, մարդիկ էլ՝ լուռ, կանգնած՝ հարգանքի տուրք են մատուցում:

Ստեփանակերտում քայլերթի է դուրս եկել նաև «Անմահ գունդը»՝ Մեծ հայրենականին մասնակցած հերոսների փոքրիկ նկարներով ու Խորհրդային միության հաղթանակի հսկա դրոշով:

Տոնական աղմկոտ միջոցառումներ չկան, առավոտյան նաև պետական ու զինվորական պաշտոնյաներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, եղբայրական գերեզման։

«Ե՛վ հպարտություն ես զգում, և՛ ամոթ ես զգում: Հպարտություն, որ էդպիսի տղաներ ունեինք, ամոթ, որ մենք ողջ ենք մնացել, իրենք հողի մեջ են: Դրա համար ավելի մեծ պատասխանատվություն ես զգում», - ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Արցախի արտգործնախարարը շեշտում է՝ հիմա միայն աշխատելով պիտի տոնենք, հետո եթե արժանի լինենք, նոր հաղթանակ կլինի: Մայիսի 9-ին Արցախը Շուշիի ազատագրման, սեփական բանակի կազմավորման ու Մեծ հայրենականի հաղթանակն էր տոնում: Հաղթանակները վաղեմության ժամկետ չունեն, ասում է Դավիթ Բաբայանը, այսօր էլ կարևոր օր է:

«Տոները նաև արյամբ են ներկվել մեր լավագույն տղաների», - ընդգծեց նա:

Բերդաքաղաք Շուշին ազատագրվեց ուղիղ 30 տարի առաջ, այսօր այն Ադրբեջանի հսկողության տակ է: Արցախի արտգործնախարարն ասում է՝ Շուշիից հրաժարվել չենք կարող, բայց դա չի նշանակում, որ ամեն օր պիտի խոսենք Շուշին ազատագրելու մասին. «Շուշիից որևէ մեկը չի կարող հրաժարվել, դա նույնն է, ոնց որ մենք հրաժարվենք Արարատից կամ Մասիս սարից, Անիից կամ մեր այլ կարևորագույն վայրերից, դա հնարավոր չէ, որևէ մեկն իրավունք չունի, բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն վայրկյան ասենք, որ վաղը ազատագրելու ենք Շուշին և այլն»:

«Երկար էի մտածում՝ օրվա ուղերձում Շուշիի հեռանկարին անդրադառնամ, թե ոչ», - ասում է Արցախի օմբուդսմենը: Ի վերջո՝ գրեց . «Մեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խորը անջրպետ։ Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է»:

«Շուշին մեր ինքնության անբաժանելի մասն է, ես նաև լինելով անկախության սերնդի ներկայացուցիչ, կարող եմ ամենամեծ վստահությամբ փաստել, որ մեր ինքնությունը տարիներ շարունակ ձևավորվել է նաև այդ հաղթանակների հիմքով և ստեղծված իրավիճակը մեզ համար անհամակերպելի իրավիճակ է, որին Արցախում ապրող մարդիկ չեն կարող համակերպվել», - նշեց Գեղամ Ստեփանյանը:

Շուշիի շրջանից՝ բերդաքաղաքից բացի ադրբեջանական դարձան նաև Քարինտակ ու Քիրսավան գյուղերը: Միայն Շուշին 5231 բնակիչ ուներ, նրանց մեծը՝ 4400-ը, այժմ էլ Արցախում է։ Շուշիի վարչակազմը, քաղաքապետարանը դեռևս գործում են՝ զբաղվում տեղահանվածների հարցերով: Շուշիի Նիկոլ Դուման 1 հասցեից քաղաքային իշխանությունը տեղափոխվել է Ստեփանակերտի Հեքիմյան 34 հասցեի մի սենյակ:

XS
SM
MD
LG