Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը․ վարչապետ


Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը, այսօր կառավարությունում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անտրամաբանական համարելով այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ։

«Նման բան երևակայելը անհնար է», - ասել է Փաշինյանը։

Անցյալ շաբաթ կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո չի եղել և չկա Լեռնային Ղարաբաղի կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի, կամ շրջանառության մեջ դրված լինի»։ Օրեր անց նաև Հարությունյանը Արցախի կառավարության նիստում հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում՝ նշելով, որ Հայաստանի վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, որ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ:

Իսկ դատախազության և Քննչական կոմիտեի պատասխանատուների հետ հանդիպմանը Հարությունյանը վերահաստատեց` ընտրել են խաղաղության օրակարգը՝ միաժամանակ շեշտելով՝ «արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ։

Բարձր գնահատելով և կարևորելով Արցախ նախագահի՝ խաղաղության օրակարգ որդեգրելու մասին հայտարարությունը՝ Փաշինյանը նկատել է՝ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ:

«Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է: Շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում ես պետք է այսօր արձանագրեմ, որ տեսնում են այն ճանապարհը, այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին անընդհատ խոսում ենք, քննարկում ենք և որի մասին բարձրաձայնել ենք, այն է՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ժողովրդի անգտանգության և իրավունքների երաշխավորումը»,- ասաց գործադիրի ղեկավարը։

Վերահաստատելով ավելի վաղ արած իր հայտարարությունը՝ արցախցին պիտի ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ՝ Փաշինյանը շեշտել է․ - «Այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք։ Համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում»։

Արցախի նախագահն իր հերթին այսօր էլ շեշտեց՝ արցախահությունը ողջունում է, ընդունում է խաղաղության օրակարգը՝ «քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա»։

«Բայց մյուս կողմից էլ ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքը, որը մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, մենք շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում», - ասաց Արցախի նախագահը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG