Ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Նախօրեին Բաքվում տեղի ունեցած այդ հանդիպմանը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայության համաձայն, մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, վերջերս Պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակված Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանները։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներն ու Իլհամ Ալիևը, ադրբեջանական կողմի համաձայն, մտքեր են փոխանակել տարածաշրջանային, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացմանը, հաղորդակցությունների բացմանը վերաբերող հարցերի շուրջ։
«Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ կապված բանակցությունների մեկնարկին», - ասվում է ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում։
Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրամիության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին արտգործնախարարներին հանձնարարել սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։
Ադրբեջանական կողմն անցած շաբաթ է հայտարարել, որ պատրաստ է Երևան-Բաքուն ձևաչափով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։
Մինչ այդ Ալիևի վարչակազմը հինգ կետերից բաղկացած առաջարկ էր ներկայացրել Երևանին, այդ թվում՝ սահմանազատում և սահմանագծում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել տրանսպորտային ուղիները, կոմունիկացիաները, փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։
Պաշտոնական Երևանն ընդունելի է համարել Բաքվի հինգ սկզբունքները, բայց նաև հայտարարել է, որ դրանք լրացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցով։ Ադրբեջանի իշխանությունները չեն հստակեցնում իրենց պատասխանը։
Առայժմ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են միայն, թե ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը, որը, ըստ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածության, պետք է ձևավորվի մինչև այս ամսվա վերջ։ Պաշտոնապես, սակայն, չի հաղորդվել, թե ինչ կառուցվածք է ունենալու այդ հանձնաժողովը: