Փաշինյանը վստահեցրել է, թե ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակությունը ծածուկ չի բանակցվի ու չի իրագործվի
Խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ, Երևանում Հայաստանի ու Արցախի կառավարության անդամների հետ տեղի ունեցած խորհրդակցության սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ղարաբաղյան պատվիրակությունը գլխավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա չի հակադրվել Փաշինյանին, արցախահայության անունից ողջունել խաղաղության օրակարգը, բայց նաև շեշտել՝ չեն շեղվի ինքնորոշման իրավունքից։
«Տեսնում եմ այն ճանապարհը, ընդ որում՝ տեսնում եմ այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, քննարկում ենք, այն է՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը, և, ինչպես նախկինում ասել եմ, շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ: Եվ այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք», - ասել է Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, թե ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակությունը ծածուկ չի բանակցվի ու չի իրագործվի։ Հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող բանակցությունների բովանդակությանը և ընթացքին Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված եղել են ու լինելու են. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը»:
«Ես համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում, և ուրախ եմ լինում, երբ Արցախի իշխանություններն այդ համոզմունքը կիսում են»,- եզրափակելով հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամություն հայտնած վարչապետը՝ գոնե հրապարակված տեսանյութում այդպես էլ չանդրադառնալով Արցախի ինքնորոշման իրավունքին։
Ինքնորոշման իրավունքից շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում. Արցախի նախագահ
Հարցն իր խոսքում շեշտել է Արցախի նախագահը. «Քաղաքական առումով ձևավորված է ընդհանուր մթնոլորտ, և արցախահայությունը ողջունում է ու ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա: Բայց, մյուս կողմից, ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում: Դրա համար այն տեսակետը, որը ձևավորված է՝ որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ, և, իհարկե, նաև լինելու է ժողովրդի տրամադրություններից բխող, ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել: Իհարկե, նաև ֆիքսել, որ այլ ձև հնարավոր էլ չէ, այսինքն` հնարավոր չէ մի փաստաթուղթ, որն Արցախի ժողովուրդը մերժի»:
Ալիևը կրկին ասել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից
Մինչ այդ Ադրբեջանի նախագահը այսօր կրկին հայտարարել է՝ Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից, իսկ Ղարաբաղում ապրող հայերի մասին ասել, որ նրանց համարում է իրենց քաղաքացիներ, հավելել, թե նրանցից դրական ազդակներ են ստանում, նախնական շփումներ են սկսված։ Թե ում հետ և ինչ հարցի շուրջ, Ալիևի խոսքից պարզ չի դառնում։
Լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացվի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար
Հայաստանի կառավարությունում այսօր կայացած խորհրդակցությանը մասնակցած Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքում մանրամասնել է, որ օրակարգային երկու հարց է եղել՝ Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը և հակամարտության կարգավորման գործընթացը: Տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունն այս տարի լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար։
Մտքեր են փոխանակվել Արցախի անվտանգության ու կարգավիճակի վերաբերյալ, հավելել է։ Բայց ի՞նչ խոսակցություն է եղել, ճշտել չհաջողվեց՝ Բեգլարյանը չպատասխանեց հեռախոսազանգերին։
Խորհրդակցությանը երկու կողմից հիմնականում տնտեսական բլոկը համակարգող կառավարության անդամներն էին ներկա, արտգործնախարարներն, օրինակ, չէին մասնակցում, փոխարենը քննարկմանը հրավիրված էր նաև վերջերս վարչապետ Փաշինյանի որոշմամբ հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանը։
Փորձեցինք նորանշանակ պաշտոնյայից ճտել՝ Արցախի կարգավիճակի հարցում Փաշինյանը հստակությո՞ւն մտցրել է, բայց նա ևս հեռախոսազանգին չպատասխանեց։
Վահրամ Բալայանը նկատում է` Փաշինյանից ինքնորոշման իրավունքի հարցով հստակություն էին ակնկալում, չլսեցին
Կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից հետո Հայաստանի ու Արցախի պաշտոնյաներն առաջին անգամ էին հրապարակային հանդիպում։ Հայաստանյան ընդդիմությունը կարծում է՝ Փաշինյանը Արցախը Ադրբեջանին հանձնելու մտադրություն ունի։ Այս հանդիպումն էլ, փաստորեն, Փաշինյանի հեռացումը պահանջող ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին է տեղի ունենում։
Ստեփանակերտից էլ բավականին կոշտ էին արձագանքել` խորհրդարանի հայտարարությամբ Հայաստանից պահանջելով հրաժարվել «ներկայիս աղետալի դիրքորոշումից»։ Ու ակնհայտորեն Փաշինյանին նկատի ունենալով հավելել՝ ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով «Արցախի ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնել»:
Արցախի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դաշնակցությունից Վահրամ Բալայանն ասաց՝ Հայաստանի վարչապետից ինքնորոշման իրավունքի հարցով հստակություն էին ակնկալում, չլսեցին. «Ոչ միայն այսօր, այլև այս վերջին ժամանակահատվածում այդ վախվորվածությունը որոշակիորեն, այսինքն` չասել, չխոսել դրա մասին, դա նկատելի է: Բառամթերք օգտագործելու անհրաժեշտություն կար, որովհետև դա ուղերձ կլինի թե՛ մեր ժողովրդին, թե՛ աշխարհին: Այո, մենք կցանկանայինք, որպեսզի նաև դա էլ լսեինք, մտքերը չշարադրվի` շրջանցելով նաև հիմնական գաղափարը, այսինքն` այդ ինքնորոշման իրավունքի գաղափարի շեշտումը, այլ մենք կցանկանայինք, որպեսզի դա էլ հնչի»:
Ի դեպ, Արցախից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ այսօր Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնելու նախնական պայմանավորվածություն է եղել, որը, պաշտոնյայի ձևակերպմամբ, հետաձգվել է անհայտ ժամկետով։