Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին Նիդերլանդներ կատարած այցի ժամանակ հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը և՛ սահմանազատման, սահմանագծման հարցով, և՛ արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան», - ասել է նա:
Ապրիլի 25-ին Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել, հաղորդվեց, որ համաձայնեցրել են՝ ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը:
Փաշինյանը վերահաստատել է խաղաղության դարաշրջան բացելու օրակարգը` համոզմունք հայտնելով, որ ճիշտ ճանապարհով են ընթանում: Միաժամանակ նա անդրադարձել է ադրբեջանական կողմից վերջին օրերին հնչող հայտարարություններին` խաղաղության բանակցություններ սկսելու առաջարկներին առնչվող:
«Այս վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում, և պետք է արձանագրեմ, վերահաստատեմ իմ դիրքորոշումը, որ մենք նշված սկզբունքների հիման վրա և օրակարգի հիման վրա պատրաստ ենք բանակցությունների», - նկատեց Հայաստանի վարչապետը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն էր ասել, թե Երևանից ստացած փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից: Ընդգծվում է, որ խաղաղության պայմանագիրը պետք է համահունչ լինի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին:
Նիկոլ Փաշինյանն այսօրվա ելույթում շեշտել է, որ ի սկզբանե նշել են, որ ադրբեջանական կողմի առաջարկներում, որ ներկայացվել են փետրվար-մարտին, սկզբունքորեն դեմ չեն եղել, սակայն լրացրել են այդ հարաբերությունների օրակարգը: «Որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը», - հավելեց նա:
Ըստ վարչապետի` պատերազմից կամ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս լուծված է:
«Եթե մեկ բառով ձևակերպելու լինենք այդ քաղաքականությունը, այդ քաղաքականությունը հետևյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի:
Ամեն ինչ արվում է, որպեսզի հայությունն Արցախում, Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը համարի անհնարին: Եվ սա ասելով է նկատի առնվում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, սա ասելով նկատի է առնվում, որ Լեռնային Ղարաբաղում հայ չի լինելու, Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ մի իրավունք չի ունենալու, Լեռնային Ղարաբաղի հայության ինքնությունը ոչնչացվելու է և արմատախիլ է արվելու», - ընդգծեց նա:
Հայկական կողմի մոտեցումը Փաշինյանն այսպես ներկայացրեց. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ամենևին էլ հողային հարց չէ ինչպես փորձ էր անում ներկայացնել Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իրավունքի հարց է, և մենք, մեր քաղաքականությունը և մեր ուղերձը միջազգային հանրությանը հենց դա է, որ մենք պիտի աշխատենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները լինեն պաշտպանված»: