Երկրորդ ամիսն է Հայաստանի իշխանությունը չի հստակեցնում, թե ինչ պայմաններով է պատրաստ խաղաղության բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ։ Բաքուն սեփական հինգ առաջարկները կետ առ կետ դեռ մարտին հրապարակել է, Երևանը՝ դեռ ոչ։
Արտգործնախարար Միրզոյանն առայմ միայն ընդհանրական է խոսել Հայաստանի պատասխանի մասին։ Երկու ամիս առաջ «Արմնենպրեսի» հետ զրույցում նա ասել էր, թե հայկական կողմի համար «սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Ղարաբաղի կարգավիճակը»։
Սակայն թե ինչ ձևակերպում է ստացել Երևանի այս դիրքորոշումը, և ուրիշ ինչ սկզբունքներ են առաջ քաշվել, որևէ մեկը մինչև այս պահը չի հստակեցրել։
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ևս այսօր հրաժարվեց կետ առ կետ խոսել հայկական կողմի առաջարկից. - «Երևի ճիշտ կլինի, որ մեր կողմն էլ հրապարակի, բայց էդտեղ փուլեր կան։ Կհասնենք էն փուլին, որ արդեն անհրաժեշտ կլինի հրապարակել, կհրապարակվի նաև հենց բառացիորեն, թե ինչ կետեր են դրանք»։
Ամիսներ շարունակվող քննարկումներից առայմ հայտնի է միայն, որ ի պատասխան Բաքվի հինգ կետերի, Երևանը վեց կետ է առաջադրել։ Ավելին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, առանց այդ կետերի բովանդակության մասին խոսելու, նշել էր, որ կողմերի միջև արդեն կա փոխըմբռնում։ Բաքում պաշտոնապես այս մասին ոչինչ չի ասել։
Մարուքյանը ևս մանրամասներ չհայտնեց. - «Խնդրի էությունը ներկայացված ա. որ մենք խոսել ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի կարգավիճակից։ Դրանք մանրացնելով, կարող ա վաթսուն կետ էլ դարձնենք... Էություն դա է։ Այսինքն՝ իրանք ի՞նչ են ասում։ Ասում են՝ էկեք իրար տարածքային ամբողջականություն ճանաչենք, ինքնիշխանությունը ճանաչենք... Մենք առաջարկել ենք, որ միայն դրանով չի լինի խաղաղություն, որովհետև եթե ուզում ենք գնալ համապարփակ և երկարատև խաղաղության, պետք է բոլոր խնդիրները հասցեագրվեն։ Այսինքն՝ էդ բոլոր խնդիրներին լուծումներ տանք»։
Վեց կետերից առանձնապես չի ուզում խոսել նաև Արցախի արտգործնախարարը։ Դավիթ Բաբայանի խոսքով, իրենց միայն մեկն է հետաքրքրում. - «Անկախ ամեն ինչից, կրկնում եմ, թող հարյուր հինգ կետ լինի՝ Արցախի չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա մեզ համար անընդունելի է, սա ամբողջ Արցախի կարծիքն է»։
Պաշտոնական Երևանի հայտարարություններից մինչդեռ հստակ չէ՝ հայակական կողմը բացառո՞ւմ է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Ընդդիմադիրները վստահ են, որ երբ Փաշինյանը խոսում էր կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին, հենց դա նկատի ուներ։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը չի հստակեցնում՝ անձամբ ծանո՞թ է Հայաստանի առաջ քաշած վեց կետերին, թե ոչ, բայց վստահ է, որ Փաշինյանի կառավարությունը երկիրը տանում է ամենավտանգավոր ճանապարհով. - «Իրենք փորձում են նույնիսկ պարտությունից հետո մեզ տանել [դեպի] պարտությունների այն շարանը, որը զրկելու է մեզ արժանապատվությունից, տանելու է դեպի թուրքահպատակություն։ Չեմ ասում ամբողջությամբ մենք հպատակվելու ենք թուրքերին, բայց հակառակորդի կողմից ճնշումները մշտական են լինելու և շարունակական են լինելու»։
Ընդհանուր ձևակերպումներից բացի, իր հարցազրույցում Արարատ Միրզոյանը նաև ասել էր, որ Երևանի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հիմքում տեսնում է երեք փաստաթուղթ՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան Եզրափակիչ ակտը։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի մեկնաբանությամբ, այս երեքում էլ կարմիր թելի նման անցնում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը. - «Հայկական կողմը հղում է կատարում ՄԱԿ-ի կանոնադրությանը, ըստ էության՝ առաջին հոդվածի վրա, ինքնորոշման իրավունքը սահմանված է այս հոդվածով, Հելսինկյանի Եզրափակիչ ակտում՝ 8-րդ հոդվածով է սահմանված։ Եթե մենք խոսում ենք ինքնորոշման իրավունքի մասին, այն ավելին է, քան ուղղակի համարել, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում՝ ինչ-ինչ երաշխիքներով»։
Այնուամենայնիվ մասնագետները միայն ենթադրություններ են անում, քանի դեռ Հայաստանի առաջ քաշած բանակցային կետերը չեն հրապարակվել։
Շարքային երևանցիների մեծ մասի համար ևս պարզ չէ, թե ինչի շուրջ են բանակցում Հայաստանի ղեկավարները։