Մատչելիության հղումներ

Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արայիկ Հարությունյան


Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, այսօր կառավարության նիստին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով` ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, որ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ:

Արայիկ Հարությունյանն, ըստ նախագահի աշխատակազմի հաղորդման, ներկայացրել է տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Բրյուսելում (Փաշինյան-Ալիև-Միշել) և Մոսկվայում (Փաշինյան-Պուտին) կայացած հանդիպումների համատեքստում։

Բացի այդ, նա հանձնարարել է կառավարության անդամներին ցուցաբերել նախաձեռնողականություն՝ պետական մակարդակով ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ:

Մոտ երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը: Ապա կառավարության վերջին նիստին հավելեց, թե ղարաբաղյան խնդրում Հայաստանի մարտավարությունն է հասնել այնպիսի լուծման, որ արցախցին ապրի Արցախում և իրեն համարի հայ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG