Չնայած ղարաբաղյան խնդրի կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբին տրված մանդատը դե յուրե դեռ ուժի մեջ է, դե ֆակտո այն արդեն անվավեր է համարվում, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահն այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված նիստում:
Իլհամ Ալիևը վերստին ընդգծել է, որ Ադրբեջանն ինքնուրույն է լուծել հակամարտությունը ռազմաքաղաքական ճանապարհով. «Մեր արտգործնախարարը միջազգային տարբեր հարթակներում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ, և նրանց հարցրել ենք, թե ինչով են մտադիր զբաղվել: Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Ադրբեջանի տարածքում չկա ու չի կարող լինել Լեռնային Ղարաբաղ վարչական միավոր: Ասեք մեզ, խնդրում եմ, թե ինչով եք զբաղվելու, որպեսզի մենք էլ մեր կարծիքն ասենք: Ավելի քան մեկ տարվա ընթացքում այս հարցի վերաբերյալ մենք ոչ մի առաջարկ չենք ստացել»։
Ադրբեջանի ղեկավարը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կարող է դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Ալիևը կարևորել է նաև Եվրամիության դերը՝ հիշեցնելով, որ Բրյուսելի միջնորդությամբ արդեն մի քանի անգամ հանդիպել են Հայաստանի վարչապետի հետ, վերջինը՝ մեկ շաբաթ առաջ: Ալիևը հատուկ ընդգծել է, որ այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ չկա հակամարտություն եզրույթը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը:
«Ադրբեջանը հինգ կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել, և հայկական կողմը դրական է արձագանքել դրան, ու այդ մասին հայտարարություններ են հնչել մինչև բրյուսելյան հանդիպումը: Իսկ Բրյուսելում ես ցանկացա մեկ անգամ էլ ինձ համար համոզվել և պարզեցի, որ Հայաստանը ընդունում է այդ հինգ սկզբունքները: Այսպիսով, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, և Հայաստանը հրաժարվում է տարածքային պահանջներից», - հայտարարել է Իլհամ Ալիևը։
Տարածաշրջանում խաղաղության հասնելու համար Ալիևը կարևորել է նաև վերջերս ձևավորված «3+3» ձևաչափը՝ Կովկասի երեք երկրների և նրանց հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։ Չպետք է ժամանակ կորցնել, անհրաժեշտ է կազմակերպել այս ֆորմատով երկրորդ հանդիպումը, ասել է Ադրբեջանի նախագահը՝ խորհուրդ տալով Հայաստանին համագործակցել հարևանների հետ. «Հայաստանի համար սա գուցե վերջին հնարավորությունն է: Կա՛մ երկիրը կզարգանա, կա՛մ ավելի ծանր վճակում կհայտնվի: Իսկ զարգացման համար, կրկնում եմ, նախ և առաջ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա»։
Ադրբեջանի նախագահը նաև զգուշացրել է արտաքին աշխարհին զենք չտրամադրել Հայաստանին՝ ընդգծելով, որ Բաքուն դա կդիտարկի որպես ոչ բարեկամական քայլ։ Թե կոնկրետ որ երկրին է ուղղված այս քննադատություն-պահանջը, Ալիևը չի հստակեցրել, սակայն ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ նա նույն թեմայով հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. «Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլարի Հայաստանի ռազմական տեխնիկա: Հարց է ծագում՝ որտեղի՞ց աղքատ երկրին այդքան փող: Ուստի, եթե Հայաստանի զինմանը տրամադրվեն գումարներ, մենք դա կընկալենք որպես ոչ բարեկամական քայլ ու համապատասխան արձագանք կտանք»։
Իլհամ Ալիևը նաև անդրադարձել է Արցախի Փառուխ գյուղին՝ անթաքույց հայտարարելով, որ մոտակա Քարագլուխ բարձունքի գրավումը ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի համար: Նրա պնդմամբ՝ այդ կետից պարբերաբար կրակել են Աղդամի ուղղությամբ, բացի այդ, Փառուխը կարևոր է Խաչինչայ գետի ջրերի անվտանգության տեսանկյունից: Թեև հայկական կողմը պարբերաբար հայտարարել է, թե ադրբեջանական զինուժը պետք է վերադառնա ելման դիրքեր, Ալիևը դրան համաձայնելու որևէ ակնարկ չի արել։ Շաբաթներ առաջ այստեղ ադրբեջանական ուժերի ներխուժման ընթացքում հայկական կողմը երեք զոհ տվեց, 15 զինծառայող վիրավորվեց։