Մատչելիության հղումներ

Արցախից տեղահանվածներին մտահոգում է, որ հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկա


Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից որևէ դրական արդյունք չէին սպասում Արցախից տեղահանվածները։ Այսօր նրանք կրկին հավաքվեցին նախ Հանրապետության հրապարակում, ապա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։

«Ուրիշ ի՞նչ պիտի ակնկալեինք, ոչ մի բան, դրական բան չկա, դրական բան դուք տեսնո՞ւմ եք», - ասաց նրանցից մեկը։

Արցախցիներին մտահոգել էր այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների երեկվա հանդիպումից հետո Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի ծավալուն հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկար։

«Մեր պետությունը, մեր քաղաքական դասը չի հայտարարում Արցախի պաշտպանություն, Արցախի բնակչությանը պաշտպանություն։ Բոլորը խոսքները մեկ արած դարձել են նոյեմբերի 9-ի թղթի սազանդարները։ Ինչպե՞ս են մեզ կոչ անում վերադառնալ Արցախ, երբ որ այդ գյուղերը նորից տալիս են: Պահանջները` կա՛մ մոտ ապագայում, կա՛մ հեռու ապագայում Արցախ վերադարձ, երկրորդ` փախստականի ստատուսի ճշտում», - ասում են նրանք:

Հավաքվածների հիմնական պահանջը քաղաքական կարգավիճակ ստանալն է։ Արդեն մեկուկես տարի է` նրանք այդ հարցով դիմում են թե՛ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, թե՛ Հայաստանի կառավարությանը. «Շոշափելի ինչ-որ իրական պատասխան մեր հարցերին որևէ դեսպանատնից, կառավարությունից չենք ստացել»:

Մի քանի տասնյակ ցուցարարներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև այսօր նստացույց սկսեցին՝ ակնկալելով միջազգային հանրության ուշադրությունը՝ իրենց բարձրացրած խնդիրներին։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ հաջորդ շաբաթ նախատեսում են հանդիպում Արցախից տեղահանվածների հետ։ Գրասենյակից միևնույն ժամանակ հայտնեցին, որ քաղաքական կարգավիճակ ստանալու հարցով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը որևէ մանդատ չունի։

Իսկ անցած մեկուկես տարվա ընթացքում Արցախից տեղահանվածներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ավելի քան 46 մլն դոլարի հումանիտար աջակցություն է տրամադրել։ Կառավարությունը ևս աջակցության մի քանի ծրագրեր ունի, սակայն դրանք շատ հաճախ ուշացումով են տրամադրվում։ Հայաստանում պատերազմի հետո Արցախից տեղահանված ավելի քան 20 հազար մարդ է ապրում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG