Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպմանը կարևորվել է Մինսկի խմբի դերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` ԵԱՀԿ Մինսկի խմբի կենսունակությունը կասկածի տակ դնող վերջին հայտարարության ֆոնին` այսօր Երևանում էր Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը, ով հանդիպեց արտգործնախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:

Արտգործնախարարությունից հայտնում են, որ Միրզոյանն ու Ռոքֆոյը կարևորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

«Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։

ՀՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը», - հաղորդում է ԱԳՆ-ն:

Աանվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, իր հերթին, ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Համանախագահ Ռոքֆոյը ևս, ըստ ԱԽ գրասենյակի, շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Արտգործնախարարության հաղորդագրության վերջում կողմերը ևս մեկ անգամ ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը, և սա այն դեպքում, երբ օրեր առաջ` Միրզոյան -Լավրով հանդիպումից հետո, Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ռուսաստանի արտգործնախարարը կասկածի տակ էր դրել Ղարաբաղի հարցի լուծման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափի հետագա ճակատագիրը։

«Ես չգիտեմ՝ հետագա ինչ ճակատագիր է ունենալու այդ միջնորդական խումբը, քանի որ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները, ռուսաֆոբիայի ալիքի տակ ձգտելով չեղարկել ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը, հայտարարելով, թե մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունքն է. եթե նրանք պատրաստ են զոհաբերել ղարաբաղյան խնդրի և ընդհանուր առմամբ Կովկասի շահերը, պատրաստ են զոհաբերել տվյալ դեպքում հայկական կողմի շահերը, դա նրանց ընտրությունն է», - հայտարարել էր Լավրովը:

Եվ ահա Լավրովի այս հայտարարությունից երեք օր անց Հայաստան ժամանեց Ֆրանսիացի համանախագահը։

Համանախագահները հիմա գործելու են առանձին-առանձին. քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով` թե՛ այս, թե՛ ավելի վաղ ռուս համանախագահի այցը Հայաստան ցույց է տալիս, որ համանախագահները հիմա գործելու են առանձին-առանձին:

«Համանախագահների մանդատը հաստատված է ԵԱՀԿ-ի կողմից, և քանի դեռ չկա ԵԱՀԿ-ի համապատասխան որոշում, համանախագահների մանդատը դե յուրե կա, Մինսկի խումբը դե յուրե կա: Դա նշանակում է, որ առանձին-առանձին վերցրած համանախագահները կարող են որպես համանախագահ ծավալել որոշակի գործունեություն», - ասում է նա:

Հայկական կողմը շարունակում է շեշտել, որ Մինսկի խումբը ղարաբաղյան կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է: Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին Միրզոյանը անգամ հակադարձեց ռուս գործընկերոջը` չկիսելով նրա հոռետեսական գնահատականները և պնդեց, թե չնայած դժվարին աշխարհաքաղաքական իրադրությանը՝ եռանախագահության ձևաչափը վերջնականապես իր ուժը չի կորցրել։

Ըստ քաղաքագետի` արևմտյան գործընկերների հետ նման հանդիպումից միակ արդյունքը, որ Հայաստանը կարող է ակնկալել, ճնշումն է Ադրբեջանի նկատմամբ Արցախում էթնիկ զտման քաղաքականությունից հրաժարվելու համար, իսկ ռուս գործընկերների հետ հանդիպմանը պետք է առաջ տանել խաղաղապահ ուժերի արդյունավետության բարձրացման հարցը: Վերջին զարգացումներն ու բրյուսելյան պայմանավորվածությունները, ըստ քաղաքագետի, ցույց տվեցին, որ արդեն խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումները պետք է լինեն երկկողմ:

XS
SM
MD
LG