Ազատության հրապարակում տեղի ունեցավ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով հանրահավաքը, որից հետո ցուցարարները շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ: Հավաքի ժամանակ «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մոտ մեկ ժամ հրապարակը փակ են պահելու, որից հետո կհայտարարվի իրենց հետագա անելիքների մասին:
Հանրահավաքին ունկնդրի կարգավիճակով ներկա էր նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ավելի վաղ էլ հայտարարվել էր, որ նա ելույթ չի ունենալու:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն մեղադրանքներին, որ հնչեցվում են նախկին իշխանությունների հասցեին, թե նրանց բանակցային գործընթացն է բերել-հասցրել այս կետին, որ նրանք ևս բանակցել են տարածքներ հետ տալու հետ կապված: Այս մեղադրանքներին ի պատասխան Սարգսյանը նշեց՝ «ղալաթ են անում» նրանք, ովքեր մեղադրում են իրեն:
«Այսպիսի կոնֆլիկտները հեշտ չի նույնիսկ 40-50 տարում լուծելը, մեր մեղավորությունը չի, որ իշխանության եկան մարդիկ, ովքեր ասացին, որ իրենց կետից են սկսում և «ձեր գործը չի, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, էն էլ բանակցում ենք», հասանք էս վիճակին: Ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել, ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ», - ասաց Սարգսյանը:
Երրորդ նախագահը այսօր նշեց, որ՝ այո, իրենք բանակցություններ վարել են, պատրաստ են եղել ինչ-որ զիջումների, բայց դա ինչ-որ բան ստանալու համար է եղել: Վերջինս անդրադարձավ վաղվա Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանը՝ նշելով, որ չի կարծում, թե վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, Սարգսյանն ասաց, որ նաև տեղյակ չէ, թե ինչ բանավոր պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել և հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը չի համաձայնի ոչ մի տարբերակի հետ, որը Արցախը կթողնի Ադրբեջանի կազմում կամ Հայաստանը կդարձնի մշտապես խաղաղություն մուրացող երկիր:
Հանրահավաքին ներկա չէր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ավելի վաղ նրա մամուլի խոսնակն ասել էր, որ վերջինս չի կարողանան ներկայանալ առողջական խնդիրների պատճառով:
Ֆրանսիայի հրապարակում են երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաև ղեկավարները՝ Սեյրան Օհանյանը, Արթուր Վանեցյանը, սակայն նրանք Ազատության հրապարակում ելույթ չունեցան:
Հանրահավաքին եզրափակիչ ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը, վերջինս հայտարարեց, որ իրենց գործողությունները շարունակական են լինելու: Հրապարակի կենտրոնում հավաքի մասնակիցները ամրացրեցին Արցախի դրոշը, իսկ հետագա անելիքների մասին, Սաղաթելյանի փոխանցմամբ, տեղյակ կպահեն լրացուցիչ:
«Եկեք այս հրապարակից միասնաբար հայտարարեք՝ ցանկացած իշխանություն, ով կշեղվի մեր կենսական պահանջներից, ուղարկելու ենք գրողի ծոցը: Այն անհատը, այն իշխանությունը, ով կշեղվի այս պահանջներից, դրանց դուք՝ մեր ժողովուրդն ունի լեգիտիմ իրավունք հակազդելու, գետնին տապալելու և երկրի ողնաշարը շտկելու: Եթե Նիկոլն ուզում է երկրում լինի խաղաղություն, հանուն այդ խաղաղության պետք է հեռանա, Հայաստանի պատմության մեջ Նիկոլից քիչ ոչ ոք իրավունքի չունի խաղաղության մասին խոսելու, որովհետև ինքը պարտության և պատերազմի խորհրդանիշ է: Մեր պայքարն այլընտրանք չունի, այս պայքարի այլընտրանքը հայրենազրկումն է: Մենք մեկ անգամ ևս հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի ապագայի այս հրապարակից հայտարարում ենք մեր նոր պայքարի սկիզբը», - հայտարարեց Սաղաթելյանը: