Մատչելիության հղումներ

ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը «ապահովել Արցախի ժողովրդի` իր հայրենիքում ազատ, անվտանգ կյանքի իրավունքը»


ՀՀ ԱԳՆ շենքը
ՀՀ ԱԳՆ շենքը

Մարաղայի խաղաղ բնակիչների կոտորածն ադրբեջանական իշխանությունների կողմից ավելի քան 30 տարի կանոնավոր կերպով վարվող «ցեղասպան քաղաքականության մաս է կազմում՝ սկսած Սումգայիթի դաժան ջարդերից մինչև 2020 թ․ 44-օրյա զինված ագրեսիայի ընթացքում իրագործված պատերազմական հանցագործություններ», հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը։

«Միայն ուժեղ և բարգավաճող, իր պետականությունը զարգացնող, միջազգային իրավական սուբյեկտայնություն ունեցող և ողջ հայությանն իր շուրջ համախմբող Արցախը կարող է լինել Մարաղայի ողբերգության չկրկնվելու լավագույն երաշխիքը», - նշված է Մարաղայի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ Արտգործնախարարության հայտարարության մեջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ նշում է, որ Մարաղայում իրականացված պատերազմական հանցագործությունները փաստագրված են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների, ներառյալ՝ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, որոնք վկայում են, որ հայերի դեմ իրագործված ոճրագործությունների հետևանքով 50 հոգի դաժանաբար սպանվել է, այդ թվում՝ 30 կին, իսկ 29 կին և 9 երեխա պատանդ են վերցվել, որոնցից 19 հոգու ճակատագիրն առայսօր անհայտ է մնում։

«Ներկայումս ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում հայ քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, ինչպես նաև ս․թ․ մարտի 24-ից ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի ներխուժումը, որի հետևանքով ավելի քան 400 անձ ստիպված տեղահանվեց, վկայում են պաշտոնական Բաքվի իրական նպատակի մասին՝ ամբողջական էթնիկ զտումների ենթարկել Արցախը», - ասված է պաշտոնական Երևանի հայտարարության մեջ։

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ կյանքի իրավունքը և ընդգծում միջազգային հանրության ջանքերի հրատապությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայության էքզիստենցիալ անվտանգության համար սպառնալիքները, շեշտում է ԱԳ նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG