Մատչելիության հղումներ

Պետք է առկախել Արցախի կարգավիճակի հարցը. Լևոն Զուրաբյան


Արցախում բնակվում է ժողովուրդ, որը չի ընդունում Ադրբեջանի ինքնիշխանությունն այդ տարածքների վրա, այդ մարդիկ ունեն արդեն սեփական պետություն ,չեն ուզում Ադրբեջանի կազմում ապրել, «Ազատության» հետ զրույցում ասում է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա` քանի որ չկա ղարաբաղյան որևէ կարգավիճակ, որը կբավարարի և՛ ադրբեջանցիներին, և՛ հայերին, այդ հարցը պետք է առկախել մինչև այն ժամանակները, երբ երկու ժողովուրդների միջև վերականգնվի վստահության մթոնոլորտը:

«Ազատություն». - Դուք հնարավոր համարում եք Ադրբեջանի 5 կետերին դեմ չգնալ, բայց նաև բարձրացնել Արցախի կարգավիճակի հարցը, գոնե արտաքուստ: Այստեղ շատ լուրջ հակասություն կա` ինչպե՞ս:

Լևոն Զուրաբյան. - Ի՞նչ հակասություն եք տեսնում:

«Ազատություն». - Ադրբեջանը նախապայման է դնում ճանաչել իր տարածքային ամբողջականությունը, և պարզ է, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է:

Լևոն Զուրաբյան. - 91 թվականից սկսած աշխարհի բոլոր երկրները ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց նաև ճանաչում են մի իրողություն, որ այնտեղ Խորհրդային միության փլուզումից հետո տեղի է ունեցել հակամարտություն, կոնֆլիկտ Ադրբեջանի պետության և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջև: Ժողովուրդն ապստամբել է, ժողովուրդը կազմավորել է իր սեփական իշխանությունը և ճիշտ է ինքնահռչակ, բայց անկախություն է հայտարարել, որը, այո, ոչ մեկը չի ընդունել, բայց ընդունելով հանդերձ Ադրբեջանի ամբողջականությունը` այդ նույն երկրներն առաջարկում էին ինչ-որ տարբերակներ լուծման, օրինակ` 97 թվի փուլայինը, որոշ չափով կարելի է համարել Մադրիդյան սկզբունքները, այնպիսի լուծում այդ կոնֆլիկտի, որի արդյունքում Ղարաբաղը կարող է դառնալ նաև անկախ պետություն: Այսինքն` ի՞նչն է հակասություն:

Ի դեպ, մենք ասում ենք, Ղարաբաղի շարժումը որ սկսեց, կամ Հայաստանը երբ ներքաշվեց այդ հակամարտության մեջ, երբեք մեր նպատակը չի եղել հող գրավել Ադրբեջանից, մեր նպատակը եղել է այդ մարդկանց իրավունքները պաշտպանել, այդ թվում` ինքնորոշման իրավունքը:

«Ազատություն». - Հակասությունն այն է, պարոն Զուրաբյան, որ Ձեր ասածն ամբողջությամբ վերաբերում է անցյալին, երբ Երևանը զիջելու բան ուներ, մասնավորապես 7 շրջանները Ղարաբաղի այդ կարգավիճակի դիմաց: Հիմա Ադրբեջանն ինչո՞ւ պիտի քննարկի կարգավիճակը, առավել ևս դա տա:

Լևոն Զուրաբյան. - Ես համաձայն եմ, որ փառապանծ ձևով կործանելով խաղաղության պլանը, որ կար սեղանին, դա արվեց հենց Նիկոլ Փաշինյանի կողմից, և մենք հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր խաղաքարտերը շատ թույլ են:

«Ազատություն». - Դրա դիմաց բան չունենք տալու:

Լևոն Զուրաբյան. - Բայց ես ինչքան հասկանում եմ, Ձեր հարցի ենթատեքստը սա է, թե իսկ Ադրբեջանն ի՞նչ ունի, ինչո՞ւ պիտի….

«Ազատություն». - Ինչո՞ւ պիտի հետաքրքրվի ընդհանրապես սրանով:

Լևոն Զուրաբյան. - Հիմա ինչ ուզում եք` ասեք, այնտեղ կա բնակչություն, որը չի ընդունում Ադրբեջանի ինքնիշխանությունն այդ տարածքների վրա: Այդ մարդիկ ունեն արդեն սեփական պետություն, սեփական կառավարման մարմիններ, դատարաններ և այլն: Այդ մարդիկ չեն ուզում Ադրբեջանի կազմում ապրել: Ի՞նչ է առաջարկում Ադրբեջանն իրենց, որ ուղղակի ընդունեն Ադրբեջանի ինքնիշխանությունը, ստանան ադրբեջանական անձնագրեր, որից հետո ասենք` Ադրբեջանը կնշանակի դատավորներ, դատախազներ, ոստիկանության ղեկավարներ:

«Ազատություն». - Հայերն էլ` որպես ազգային փոքրամասնություն, Ադրբեջանի օրենդրությամբ իրավունքներ կունենան...

Լևոն Զուրաբյան. - Մենք բոլորս հասկանում ենք չէ՞, որ դա հայաթափման ծրագիր է, այսինքն` մենք հասկանում ենք, որ Ղարաբաղի բնակչությունը նման բան չի ընդունելու:

«Ազատություն». - Հայաստանում գուցե հասկանում են, միջազգային հանրությունն էլ դա գիտի՞:

Լևոն Զուրաբյան. - Շատ լավ բոլորը գիտեն, դա գիտի անգամ Ադրբեջանը: Կամ եկեք անկեղծ, ազնվորեն ամբողջ աշխարհին ասենք, որ սա կուլտուրական հայաթափման ծրագիր է, այսինքն` այդ բանն ընդունում ենք, և բնակչությունը սիրուն այնտեղից հեռանում է, քանի որ ոչ ոք չի հավատում Ադրբեջանի երաշխիքներին: Եթե այդպես է, թող մեր կառավարությունն անկեղծ, ազնվորեն ասի, որ ժողովուրդ ջան, այսպես է, մենք էլ կկազմակերպենք ձեր բոլորի տեղափոխումը Հայաստանը, ով այդքան ռիսկ ունի, որ մնում է, թող մնա, մնացածը… Պարզ է, որ մարդ չի լինի, որ կմնա այնտեղ: Այսինքն` եթե դա է ծրագիրը, այսինքն` եթե դու որևէ կոնտր առաջարկ չես անում, չես ասում` իսկ ի՞նչ կոնկրետ կարգավիճակը, կամ այդ պրոբլեմը ի՞նչ լուծում է ստանալու, այդ ժողովրդի պրոբլեմը, այնտեղ իշխանություն կա չէ՞, այնտեղ կան պետական ինստիտուտներ, այդ պետական ինստիտուտները ի՞նչ են լինում, կազմալուծվո՞ւմ են, սկսո՞ւմ են գործել ադրբեջանական օրենքներով:

Այսպես ասենք` եթե սա արցախահայության հայաթափման ծրագիր է, ասեք: Եթե չի, ուրեմն լինելու է դիմադրություն, ընդ որում և՛ Արցախում, և՛ Հայաստանում: Ի՞նչ է, դա պայթյունավտանգ չի, դա կարո՞ղ է բերել նորից կանֆլիկտի զարգացմանը:

«Ազատություն». - Դա կարո՞ղ է արյունահեղության հանգեցնել:

Լևոն Զուրաբյան. - Արյունահեղության, հիմա եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է խաղաղության մեջ, ուրեմն սա պիտի հաշվի առնի: Սա ինչ-որ իմաստով թեստ էլ է Ադրբեջանի կամքի, եթե իրենք շահագրգռված են Հայաստանի հետ իսկապես խաղաղության մեջ, իրենք պետք է զգան, որ պրոբլեմը կա, այդ պրոբլեմը չի կարելի շրջանցել: Դրա լուծումը շատ պարզ է, ու միշտ դա է եղել, քանի որ չկա որևէ կարգավիճակ ղարաբաղյան, որը կբավարարի և՛ ադրբեջանցիներին, և՛ հայերին, այդ հարցը պետք է առկախել մինչև այն ժամանակները, երբ որ մեր ժողովուրդների միջև վերականգնվի վստահության մթոնոլորտը, որոշակի ժամանակ սահմանվի, երբ այդ չլուծված հարցերը մնում են դեռ բանակցությունների առարկա: Այդ ընթացքում ինչ-որ կապեր առևտրային, մշակութային ստեղծվեն, որ այդ մարդիկ բարելավեն իրենց պատկերացումն ադրբեջանական պետության մասին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG