«Կա սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը»
Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է Ազգային ժողովի նստաշրջանը, փոխարենը մեկնում Արցախ ու սահմանամերձ մարզեր, այնտեղ, որտեղ երկրի առաջնահերթ օրակարգն է, հայտարարում են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից:
«Մենք մեկնում ենք Արցախ և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մարզեր՝ որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման, լինելու ենք այնտեղ, որտեղ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է», - ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Ընդդիմությունն այս քայլին է գնում՝ իշխող ուժին մեղադրելով Հայաստանին ու Արցախին առնչվող իրական օրակարգերը քննարկելու, լուծումներ գտնելու փոխարեն կրավորական կեցվածք ընդունելու համար։
«Կա սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը: Այսպես կոչված` խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդին նախապատրաստում ենք նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման: Իրավիճակին ոչ համարժեք է դրսևորում խորհրդարանական մեծամասնությունը», - վստահ է ընդդիմադիր պատգամավորը:
Սեյրան Օհանյանն իշխանությանն ուղղված քննադատական խոսքն ավարտեց Արցախի դրոշը խորհրդարանի ամբիոնին փակցնելով։ Պաշտպանության նախկին նախարարի բողոքի ակցիան բուռն ծափահարությունների արժանացավ հենց ընդդիմադիրների կողմից:
Արցախի դրոշը նաև ընդդիմադիրների սեղանին էր հայտնվել։
Արդեն առանց ընդդիմության ներկայացուցիչների իշխանական պատգամավորներն արձագանքեցին իրենց ուղղված ակցիային ու քննադատությանը՝ այն որակելով ցածր պոպուլիզմ, կեղծավորություն ու հակաարցախյան, անգամ պետականությանը սպառնացող քայլ։
«Զբաղված են եղել միայն մի բանով` թալանով». իշխանությունը հակադարձում է
«Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, երբ տխմարաբանությունը դառնում է ամենօրյա հանապազօրյա աշխատանք, պաշտպանության նախկին նախարարները ստիպված են լինելու Արցախի դրոշով գալ ու այս դրոշը դնել Ազգային ժողովի ամբիոնում», - ասաց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` ամբիոնից հեռացնելով Արցախի դրոշը:
«Այս դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն, Հայաստանի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն` զբաղված են եղել միայն մի բանով` թալանով», - հավելեց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց՝ ընդդիմությունն այդ քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ ավելի է սրում անվտանգային խնդիրները. «Խորհրդարանական ընդդիմությունը նորից օգտագործում է Արցախի հարցը և մեր անվտանգային խնդիրները Հայաստանում իշխանությունը բռնազավթելու և հեղաշրջում իրականացնելու համար, և սա դրա վառ ապացույցն է»:
«Այս մարդիկ ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձն արդարացնելու». ԱԺ նախագահը` ընդդիմությանը
Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ Հայաստանից Արցախ պաշտոնական այցերին կոշտ է արձագանքել։ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի Արցախ այցին անցած տարի հաջորդեց Շուշիից կրակահերթը ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, որի հետևանքով երիտասարդ մահացավ, նոյեմբերի 16-ին էլ արյունալի բախում տեղի ունեցավ Հայաստանի արևելյան սահմանագոտում: Դրանից հետո դեկտեմբերին իշխող ուժի պատգամավորների Ստեփանակերտ այցն էլ պատճառ դարձավ, որ Ադրբեջանի արտգործնախարարը Ստոկհոլմում հրաժարվի հանդիպել Արարատ Միրզոյանին։ Պատերազմից հետո Արցախ չի այցելել Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ այնտեղ եղել է 2020-ի հոկտեմբերի 5-ին՝ պատերազմի օրերին։
Ազգային ժողովի նախագահին էլ ընդդիմադիրների ակցիան ընդդիմության խորհրդարանական աշխատանքի արդյունավետությունը կասկածի տակ դնելու առիթ տվեց. «Այս մարդիկ ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձն արդարացնելու», - ասաց Ալեն Սիմոնյանը ու թվեց, իր ներկայացմամբ, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների աշխատանքային բացթողումները` սկսելով ընդդիմադիրների օրենսդրական նախաձեռնություններից, որոնք, ըստ նրա, մատների վրա կարելի է հաշվել։
«Հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, «ամենահայտնի» հանդիպումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ զեկույցին դեմ քվեարկելն էր, դրանից հետո որևիցե էական, լուրջ, նշանակալից հանդիպման մասնակցություն չի եղել», - ասաց խորհրդարանի նախագահը:
Ալեն Սիմոնյանին ավելի ուշ «Հայաստան» խմբակցության ղեկավարը Ֆեյսբուքում արձագանքեց։ Սեյրան Օհանյանը կրկին իշխանականներին մեղադրեց իրավիճակին համարժեք չաշխատելու համար` շեշտելով, որ իրենց բոլոր նախաձեռնությունները իշխող ուժը մերժել է՝ չի անցկացրել որևէ հրատապ քննարկում, արտահերթ նիստ։
Մանկապարտեզային տարրեր պարունակող քայլ. Լևոն Զուրաբյանի գնահատականը
Ընդդիմադիրների դրոշային պայքարը Ազգային ժողովի հինգերորդ գումարման պատգամավոր, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անլուրջ՝ մանկապարտեզային տարրեր պարունակող քայլ է համարում։ Ասում է՝ աշխարհաքաղաքական ծանր նոր իրողություններում Հայաստանը վտանգավոր իրավիճակում է հայտնվել, բայց և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը արդյունավետ չեն գործում այս իրավիճակում։
«Պարզ է` ինչ են ուզում ասել, ասում են` դուք, ըստ էության, տանում եք Արցախը հանձնելու, մենք էլ այս դրոշները տնկելով` մեր համերաշխությունն ենք հայտնում Արցախին:
Մենք ունենք ապաշնորհագույն իշխանություն, որն իսկապես կապիտուլյացիայից բացի, որևէ բան չի պատկերացնում, ոչ մի ակտիվ գործողություն չի անում, որ մի քիչ իրավիճակը փոխվի: Ինչքան էլ վատը լինի իրավիճակը, մանյովրի հնարավորություններ կան, կան ակտիվ քաղաքականության հնարավորություններ: Իրենք դա չեն անում, ավելի են վատացնում իրավիճակը պասիվ քաղաքականությամբ, և կա ընդդիմություն, որը հակաթուրը այս ապաշնորհության չի ներկայացնում, որովհետև իր ասածը մի ուրիշ մառազմ է: Այսինքն` գնանք, Հադրութը, Շուշին գրավենք… սա ալտերնատիվ չի, սա ուղղակի մի հատ ուրիշ ծայրահեղություն է, որը նույնքան աղետալի է, նույնքան ոչ արդյունավետ»:
Իշխանականների ու ընդդիմադիրների խորհրդարանական պայքարը, բանավեճը նախկին խոհրդարանականը հայաստանյան քաղաքական դաշտի դեգրադացիայի հետևանք է համարում։