Մատչելիության հղումներ

Շփման գծում դիրքային փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի դեպքերից հետո․ Արցախի տեղեկատվական շտաբ


Արցախի ՊԲ զինծառայող, արխիվ
Արցախի ՊԲ զինծառայող, արխիվ

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին Պաշտպանության բանակի ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի: Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո», -
շեշտում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Մարտի 24-ին ադրբեջանական զինուժը խախտել է շփման գիծը Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում և առաջացել դեպի ռազմավարական Քարագլուխ բարձունքը։ Հաջորդած բախումներում Արցախի Պաշտպանության բանակի երեք զինծառայող է զոհվել, մեկ տասնյակից ավելին վիրավորվել է, ըստ ՊԲ-ի՝ կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը։ Ներկայումս Փառուխ գյուղը վերահսկում են ռուս խաղաղապահները, որոնց մասնակցությամբ նաև ջանքեր են գործադրվում՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։ Ադրբեջանական զինուժը, այդուհանդերձ, շարունակում է զբաղեցնել Քարագլխի մի մասը։

XS
SM
MD
LG