Մատչելիության հղումներ

«Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»․ Փաշինյան


«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ», - այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ -« Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»։

Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ խաղաղության օրակարգն այլընտրանք չունի, և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որքան հնարավոր է արագ, մտնում է պլանների մեջ, իսկ ձևաչափն ու ժամանակացույցը, ըստ Փաշինյանի, դեռ պետք է քննարկվեն։

«Չի բացառվում, որ Ադրբեջանը փորձի խաղաղության բանակցությունների գործընթացը արագ փակուղի մտցնի»

Գործադիրի ղեկավարը չբացառեց, որ Ադրբեջանը փորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիվ գործողությունների առիթ։

Նույն հաշվարկը Երևանն ունի նաև դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, ասաց վարչապետը՝ չբացառելով, որ Ադրբեջանը այդ գործընթացն օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու համար՝ դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի։

«Հասկանալով և հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները` մենք եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը և գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը։ Այս է պատճառը, որ մենք նաև դելիմիտացիայի հարցում ենք Բրյուսելում եկել համաձայնության մինչև ապրիլի վերջը ստեղծել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով և սկսել աշխատանքը», - ասաց Փաշինյանը։

Սահմանների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումների ճշտում, այդ նույն հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումների արձանագրում, սահմանների ճշգրտման հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ՝ թերևս սա է Հայաստանի մարտավարությունը, ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ պետք է այս հենքի վրա համաձայնության հասնել Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ։

«Հանձնաժողովն ունենալու է նաև սահմանային իրավիճակի մոնիթորինգի որոշակի լիազորություն»

Սահմանային համատեղ հանձնաժողովն ունենալու է կրկնակի մանդատ, այսինքն՝ նաև սահմանային իրավիճակի մոնիթորինգի որոշակի լիազորություն, ասաց Փաշինյանը։

«Նաև սահմաններում անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղված կոնկրետ առաջարկով հանդես գալու հնարավորություններ է ունենալու։ Անհրաժեշտության դեպքում այս գործընթացում հնարավոր կլինի նաև միջազգային փորձագիտական ներուժ ներգրավել։ Հիմա աշխատում ենք հանձնաժողովի ձևաչափի և անհատական կազմի վրա և ամենաուշը ապրիլի 30-ին պետք է փորձենք անհատական կազմը հստակեցնենք», - ասաց վարչապետը։

«Զորքերի հայելային հետքաշումը Երևանի նախապայման երբեք չի եղել»

Անդրադառնալով զորքերի հայելային հետքաշման առաջարկից հրաժարվելու քննադատություններին՝ Փաշինյանը նկատեց՝ դա Երևանի նախապայման երբեք չի եղել։

«Մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության և կայունության որոշակի մակարդակ կա, ինչը, ցավոք, չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Բայց նաև վտանգավոր մի գծի էինք հասել, որ զորքերի հայելային հետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն։ Դրա համար մենք ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել՝ հույս ունենալով, որ միջազգային հանրությունն առավել ուշադիր կլինի սահմանի երկայնքին տիրող անվտանգային միջավայրին»։

«Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է»

Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել, և Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է, ասաց Փաշինյանը՝ կրկին արձանագրելով՝ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը, և օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին, ու այս դիրքորոշումն արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում:

Վարչապետն արձանագրեց, իր բնորոշմամբ, մի շատ էական նրբություն․ - «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG