Մատչելիության հղումներ

Լրացավ Ալեքսեյ Նավալնու ազատազրկման մեկ տարին


Մեկ տարի առաջ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստան էր ժամանել Գերմանիայից, որտեղ բուժվում էր «Նովիչոկով» թունավորումից հետո:

Այսօր լրացավ Պուտինի կոշտ ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման մեկ տարին։ Ինքը քաղաքական գործիչը տխուր տարեդարձի կապակցությամբ կալանավայրից գրել է, թե չգիտի ինչքան է դեռ մնալու անազատության մեջ, քանի որ պարբերաբար նոր քրեական գործեր են իր դեմ հարուցվում։

Այդուամենայնիվ, նա չի ափսոսում, որ վերադարձել է հայրենիք և իր կողմնակիցներին կոչ է անում նույնպես չվախենալ իշխանություններից. - «Արդեն մեկ տարի է բանտում եմ։ Ուզում եմ բոլորին ասել այն, ինչ բղավում էի դատարանի մոտ հավաքված մարդկանց, երբ ինձ տանում էին ավտոգազակ՝ ոչնչից մի վախեցեք, սա մեր երկիրն է, և ուրիշը մենք չունենք։ Միակ վախը, որ պետք է լինի, այն է, որ մենք թողնենք մեր հայրենիքը թալանեն մի փունջ ստախոսներ, գողեր եւ կեղծավորներ: Հանձնենք առանց մարտի, կամավոր և' մեր, և' մեր երեխաների ապագան»։

Մեկ տարի առաջ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստան էր ժամանել Գերմանիայից, որտեղ բուժվում էր «Նովիչոկով» թունավորումից հետո: Ժամանելուն պես նա ձերբակալեցվել էր 2014 թվականի «Իվ Ռոշե»-ի գործով, պայմանական դատավճռի պայմանները խախտելու համար։

2014 թվականին Նավալնին պայմանական դատավճիռ է ստացել խարդախության մեղադրանքով և արդեն մեկ տարի է նա անազատության մեջ է: Այս մեկ տարվա ընթացքում Նավալնիին ևս մեկ անգամ դատապարտել են, նրա շտաբերը և իր ստեղծած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ճանաչել են ծայրահեղական կազմակերպություններ, նրա թիմակիցների դեմ հարուցել են քրեական գործեր... իսկ Նավալնիին հեռակա կարգով շնորհվել է Սախարովի մրցանակը։

Ինքնաթիռը, որով Նավալնին իր կնոջ հետ վերադառնում էին Գերմանիայից, պետք է վայրէջք կատարեր «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ նրան դիմավորելու համար մի քանի հազար մարդ էր հավաքվել։ Օդանավը սակայն վայրէջք կատարեց «Շերեմետևոյում», իսկ Նավալնուն թույլ չտվեցին նույնիսկ դուրս գալ ժամանման գոտուց, անմիջապես ձերբակալեցին։ Ձերբակալության հաջորդ օրը նրա թիմակիցները YouTube-ում» տեղադրեցին 2021-ի ռուսական YouTube-ում ամենաշատը դիտված «Պուտինի պալատը» ֆիլմը:

Հունվարի 21-ին և 31-ին Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում ու էլի մի շարք քաղաքներում անցան Նավալնիի աջակիցների մարդաշատ փողոցային ակցիաներ։ Իրավապահներն աննախադեպ կոշտ միջոցներով ցրեցին բողոքի ցույցերը, տասնյակ մարդկանց դեմ քրեական գործեր հարուցվեցին, նրանց մի մասը դատապարտվեց ազատազրկման։

Փետրվարի 2-ին Մոսկվայի Սեմյենովսկի շրջանի դատարանը քաղաքական գործչին դատապարտեց երկուս ու կես տարվա ազատազրկման «Իվ Ռոշեյի» գործով, և նրան տեղափոխեցին Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքի քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ այժմ գտնվում է քաղաքական գործիչը։

Հունիսին Նավալնիի շտաբերը և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ճանաչվեցին էքստրեմիստական կազմակերպություններ և արգելվեցին Ռուսաստանի տարածքում, նրա ամենամտերիմ թիմակիցները ստիպված հեռացան երկրից։ Նրանց դեմ հեռակա կարգով հարուցվեցին քրեական գործեր։ Նավալնիի շտաբը հայտարարեց փողոցային պայքարի ժամանակավոր դադարի մասին։

Դեկտեմբերին Նավալնիին շնորհվեց Եվրախորհրդարանի «Մտքի ազատության համար» Սախարովի անվան մրցանակը, որը նրա փոխարեն ստացավ իր դուստրը՝ Դարյա Նավալնայան։

Նավալնին զրկված է ինտերնետից, նրան մի քանի ամիսը մեկ տեսակցության է գնում կինը՝ Յուլիա Նավալնայան։ Պարբերաբար հրապարակվում են Նավալնու նամակները բանտից։

Թե դեռ ինչքան կմնա անազատության մեջ Պուտինի կոշտ քննադատը, ոչ ոք չգիտի։ Ընդդիմադիրները համոզված են, որ քանի դեռ Պուտինն է Ռուսաստանի նախագահը, Նավալնիին ազատ չեն արձակի։

Նավալնու թիմակիցները շարունակում են պայքարը արևտմյան երկրներում

Երեկ աշխարհհի տարբեր քաղաքներում, այդ թվում Փարիզում, Թբիլիսիում, Պրահայում Ռուսաստանի դեսպանատների առջև անցել են Նավալնուն ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիաներ։ Քաղաքական գործչի կալանավորման տարեդարձին ընդառաջ՝ CNN Films-ը և HBO Max-ը Պուտինի ընդդիմախոսի թունավորման, Ռուսաստան նրա վերադարձի և դատապարտման մասին վավերագրական ֆիլմ են նկարահանել։ Ֆիլմի ռեժիսորը կանադացի Դենիել Ռոյերն է։

Նավալնիի թիմակից՝ ֆիլմի պրոդյուսեր, Լոնդոնում բնակվող Մարիա Պևչիխը «Դոժդ» հեռուստաընկերության եթերում նախօրեին ասել էր, թե մեծ էկրաններին կինոնկարը կհայտնվի առաջիկայում, և հույս էր հայտնել, որ ֆիլմը կօգնի ազատել Նավալնիին։

«Հուսով եմ, հնարավոր կլինի այս ֆիլմն օգտագործել որպես հարթակ Նավալնիի կալանավորման, նրա պատմության մասին նորից բարձրաձայնելու համար, ինչն էլ վերջին հաշվով թույլ կտա հասնել Նավալնիին բանտից ազատելուն», - նշել էր Պևչիխը։

Bellingcat-ի հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը «Ազատության» «Նաստոյեշչեե Վրեմյա» ծրագրի եթերում է պատմել է, թե ինչպես է հանդիպել Նավալնի զույգին Բեռլինում։ Նա փոխանցել է Յուլիա Նավալնայայի խոսքերը թունավորումից հետո Ռուսաստան վերադառնալու Նավալնու որոշման մասին. - «Եթե նա մնա այստեղ, ապա դա կլինի Կրեմլի հաղթանակը։ Այդ ժամանակ նա քաղաքական գործիչ չի դառնա, նա կդառնա արտասահմանում ապրող ռուս բլոգեր։ Իսկ քանի որ նա ցանկանում է լինել քաղաքական գործիչ, նա ցանկանում է ապրել իր ժողովուրդի կողքին»։

Թեև արդեն շուրջ մեկ տարի Ռուսաստանում չեն անցել զանգվածային բողոքի ակցիաներ, իսկ Նավալնիի թիմակիցները դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում, Նավալնին այնուամենանիվ, վերլուծաբանների կարծիքով, մնում է համար մեկ ընդիմադիր գործիչը և նախկինի պես վտանգավոր է Կրեմլի համար։

2020-ի օգոստոսին Նավալնին թունավորվել էր Տոմսկ քաղաքում և ընտանիքի պահանջով անգիտակից վիճակում տեղափոխվել Բեռլին՝ բուժման։ Արևմուտքը հայտարարել էր, թե Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» տիպի արգելված նյարդապարալիտիկ նյութով։ Ընդդիմադիր գործիչն իր թունավորման մեջ մեղադրում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին և անձամբ նախագահ Պուտինին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG