Մատչելիության հղումներ

«Սադրանքներին չի տրվել»․ նախկին բանտարկյալները պատմել են, թե ինչպես են բանտում իրենց ստիպել՝ մասնակցել Նավալնիի նկատմամբ ճնշումներին


Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքի համար 2 ուղղիչ գաղութի նախկին բանտարկյալներ Նարիման Օսմանովը և Եվգենի Բուրակը «Դոժդ» հեռուստաընկերությանը պատմել են, թե ինչպես են իրենց ստիպել՝ մասնակցել Կրեմլի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ ճնշումներին։

Արդեն կես տարի է՝ երկրի ամենահայտնի քաղբանտարկյալը գտնվում է գաղութում։ Այնտեղ գործող բարքերի, կտտանքների ու բռնաճնշումների մասին մինչ այսօր էլ շատ էին պատմում նախկին բանտարկյալները։ Նավալնին, սակայն, երբ նոր էր տեղափոխվել կալանավայր, ասում էր, թե բռնությունը մնացել է անցյալում և հիմա այնտեղ ամեն ինչ նորմալ է։

Վերջին շրջանում ընդդիմադիր գործիչը գրեթե դադարել է պատմել բանտային կյանքի մասին։ «Դոժդ»-ի լրագրող Կոնստանտին Գոլդենցվայգը, սակայն, զրուցել է Նավալնիի հետ նույն խցում նստած դատապարտյալների հետ։ Նրանցից մեկը՝ Նարիման Օսմանովը, պատմել է, որ ղեկավարությունը բոլոր բանտարկյալներին հրահանգել է չխոսել Նավալնիի հետ։ «Նրանք նույնիսկ չէին բարևում Նավալնուն, անտեսում էին նրան, չէին շփվում նրա հետ», - ասել է Օսմանովը՝ նշելով․ - «Մոտ քսան մարդ էր նրա հետ միասին խցում, և բոլորը նրան հետևում էին, ամեն նրա խոսքը՝ գրի առնում»։

Պոկրովի բանտից ազատված Եվգենի Բուրակն էլ պամել է, որ Նավալնու կողքին մշտապես եղել է առնվազն 10 մարդ, որոնք հետևել են նրան, նրա հետևից նույնիսկ զուգարան են գնացել, ամեն կերպ հրահրել քաղաքական գործչին։ Նավալնին, սակայն, նախկին բանտարկյալի խոսքով, սադրանքներին չի տրվել։ Ամենօրյա ճնշումներից բացի, ըստ ականատեսների, գաղութի ղեկավարությունը որոշել է նաև Նավալնիին վարկաբեկող ֆիլմ ցուցադրել, իբր ընդդիմադիրը «ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի»։

Օսմանովը պատմել է նաև գաղութում Նավալնիի հայտարարած հացադուլի մասին։ Նախկին դատապարտյալի խոսքով՝ այդ օրերին գաղութի ղեկավարությունը նրա վրա հոգեբանորեն ազդելու մի քանի միջոց է գործադրել, նախ՝ ընդդիմադիր գործչի կողքին պառկեցրել են իբր տուբերկուլյոզով հիվանդ մի դատապարտյալի, մի քանի օր անց էլ առավոտյան երշիկ են բերել ու հացադուլ անող Նավալնու կողքին տապակել։ Ֆիզիկական բռնության, սակայն, նախկին բանտարկյալները ականատես չեն եղել։

Նավալնիի թիմակից Լեոնիդ Վոլկովը, ով Ռուսստանում հեռակա կարգով դատապարտված է և լքել է երկիրը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ - «Նավալնիի վերաբերյալ հրամաններ կարող է տալ միայն Վլադիմիր Պուտինը, գոնե այն պատճառով, որ Պուտինից կհարցնեն, եթե Նավալնիի գլխից գոնե մազ պակասի, քանի դեռ նա գաղութում է, գոնե այն պատճառով, որ պատժամիջոցները հարվածելու են Պուտինին ու նրա ընկերներին, նրա դրամապանակներին»։

Վոլկովը գրում է, որ դեռ ապացույցներ չունի, սակայն, ակնհայտ է, որ Կրեմլը հրամայել է՝ Նավալնու կյանքը գաղութում դարձնել անտանելի։ «Ֆիզիկապես դիպչել կամ սպանել չի կարելի, սակայն, եթե մյուս բանտարկյալները ծեծեն նրան, նորմալ է։ Իսկ ավելի լավ է, եթե ստացվի այնպես անել, որ Նավալնին ինքն է հարվածել և պատասխան ստացել», - գրում է ֆեյսբուքում ընդդիմադիր առաջորդի թիմակիցը։

Ռուսական իշխանության բարձրագույն էշելոններում կոռուպցիայի վերաբերյալ բազմաթիվ հետաքննությունների հեղինակ և կազմակերպիչ Ալեքսեյ Նավալնին բանտում է հունվարից՝ Գերմանիայից վերադառնալուց հետո։ Մինչ այդ նա շուրջ հինգ ամսին բուժում էր ստանում Բեռլինում՝ «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով թունավորումից հետո:

Նավալնին պնդում է, որ թունավորվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից։ Փետրվարի 2-ին տարիներ առաջ հարուցված «Իվ Ռոշե»-ի գործով նա կալանավայր է ուղարկվել, որտեղ կանցկացնի երեքուկես տարի:

Նավալնուն ազատ արձակելու կոչ են արել տասնյակ իրավապաշտպան կառույցներ, առևմտյան երկրների ղեկավարներ, Նոբելյան մրցանակակիրներ և համաշխարհային աստղեր:

Ի պաշտպանություն Նավալնիի՝ Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնք ավարտվել են հազարավոր մարդկանց ձերբակալություններով: Այս տարվա գարնանը Նավալիի թիմակիցների մի մասը լքել է Ռուսաստանը։ Նրանք հայտարարել են, որ ժամանակավոր կասեցնում են փողոցային պայքարը Ռուսաստանում։

Անցած ամիս Նավալնին արժանացավ Եվրախորհդարանի հեղինակավոր՝ Անդրեյ Սախարովի մրացնակին՝ «Հանուն մտքի ազատության»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG